Ուկրաինան պատրաստ է աջակցել Ռումինիայի անվտանգությանը, որը արդեն հինգերորդ տարին հետևողականորեն օգնում է Կիևին պաշտպանվել ռուսական հարվածներից։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով UNN-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ հեռախոսազրույցից հետո։
Զելենսկին հայտնել է, որ զրույցի ընթացքում իր աջակցությունն է հայտնել Ռումինիային և շուտափույթ ապաքինում մաղթել Գալաց քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից տուժածներին։
«Բոլոր ուկրաինացիների անունից աջակցություն հայտնեցի Ռումինիային և շուտափույթ ապաքինում մաղթեցի Գալացի բնակելի շենքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի գիշերային հարվածից տուժածներին։ Կարևոր է, որ Ռումինիան սկզբունքային, օպերատիվ և ուժեղ արձագանք է տվել տեղի ունեցածին»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկու երկրների զինվորականները դեռ գիշերվանից կապի մեջ են եղել։
«Գիշերվանից մեր զինվորականները կապի մեջ էին, իսկ այժմ մենք քննարկել ենք մեր թիմերի միջև հետագա համագործակցությունը։ Մենք մշտական կապի մեջ կլինենք Ռումինիայի հետ և շարունակելու ենք միասին աշխատել՝ բոլոր հնարավոր ռուսական սպառնալիքներից կյանքերը պաշտպանելու համար»,- հայտարարել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Ռումինիայի անվտանգությանը՝ հաշվի առնելով վերջինիս շարունակական աջակցությունը Ուկրաինային։