«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ պետական մի շարք բժշկական կենտրոնների տնօրեններ ընդունվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ՝ միաժամանակ շարունակելով ղեկավարել բուժհաստատություններ։
Խոսքը 1 տարի 2 ամիս տևողությամբ առկա ուսուցման մասին է, որը, ըստ ինստիտուտի, կազմակերպվում է ուշ ժամերին և հանգստյան օրերին։ Սակայն հարցեր են առաջացել, թե ինչպես է իրականում ապահովվում առկա ուսուցումը, եթե սովորողները զբաղեցնում են բարձր պատասխանատվության պաշտոններ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ եթե առկա դասընթացներին մասնակցություն չի լինում, դա անընդունելի է, և հարցը պետք է ուսումնասիրվի ծառայողական քննությամբ։ Միաժամանակ դեռ պարզ չէ, թե ինչ մեխանիզմներով է վերահսկվում հաճախելիությունը և արդյոք կրթական գործընթացը ձևական բնույթ չի կրում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած ու Վեհափառին ուրացած 10 տիրադավներից մեկն է, «անհետացել է ռադարներից»։ Արցախցիները նրա մասին տեղեկություն չունեն, նա դադարել է այցելել Երեւանում իր գլխավորած թեմի առաջնորդանիստ, քանի որ այնտեղ թեմական խորհրդի եւ աշխատակազմի համար անցանկալի հյուր է։
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ աշխատակազմը բուկլետ բաժանող վարձկանների «քթերից է բերում» 200 հազարական դրամները, որոնք վճարում են բուկլետ բաժանող յուրաքանչյուր անձի՝ քարոզչություն անելու, տնետուն այցելելու, ՔՊ-ի չեղած գաղափարախոսությունը պրոպագանդելու համար։
Մեզ ասացին, որ աշխատակազմից պահանջել են ոչ միայն Փաշինյանի երեւանյան հանդիպումներում «մասսովկա» ապահովել, այլեւ ասել են՝ գումարի երկրորդ մասն կտան, եթե նորից այցելեն այն բնակարանները, որոնց դռներն առաջին այցի ժամանակ փակ են եղել: Ասել են, որ պետք է հասնել նրան, որ փակ դռներ չլինեն, նաեւ՝ ճշտեն, թե քանի կողմնակից ունի ՔՊ-ն, որ քարոզչության մասին ամբողջական պատկեր ունենան։
«Հրապարակ» թերթը գրում է. Լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թեւանյանի գործով, ըստ իրավապահ մեր աղբյուրի, եւս մեկ պատգամավորության թեկնածու, նախկին պատգամավոր է անցնում, որի ուղղությամբ սկսել են քայլեր ձեռնարկել։
Խոսքը «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի մասին է։
Ըստ Քննչական կոմիտեի, Թեւանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել 2024 թ. Ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից՝ սահմանազատման թեմայով։ Թեւանյանը 2023-ից ԱԺ պատգամավոր չէ։
Ըստ տեղեկությունների՝ այդ ինֆորմացիան, որն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում, նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, որի հետ կապված՝ իշխանական շրջանակներն արդեն քանի օր ակնարկներ են անում։
«Հրապարակ» թերթը գրում է, որ Գլխավոր դատախազությունը վարչական դատարանով փորձում է անվավեր ճանաչել Երևանում Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ խոսքը Արցախի ներկայացուցչության շենքի մասին է։
Մայիսի 22-ին նախատեսված դատական որոշումը հետաձգվել է․ թերթը ենթադրում է, որ իշխանությունները չեն ցանկանում ընտրություններից առաջ աղմուկ բարձրացնել։
Հրապարակման համաձայն՝ Փաշինյանի համար շենքի հարցը կարևոր է ոչ միայն Արցախի հետ կապված ամեն ինչ «ջնջելու» քաղաքականության պատճառով, այլ նաև այն հանգամանքով, որ խորհրդային տարիներին այստեղ գործել է Երևանի ադրբեջանական դրամատիկական թատրոնը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ցանկացած ընտրության պարագայում կարևորվում են ոչ միայն ծրագրերը, այլև այն անձինք, որոնք կյանքի են կոչելու դրանք, այսինքն՝ ապագա կառավարության անդամները: Ըստ այդմ, պատահական չէ հանրության հետաքրքրությունը, թե հիմնական ընդդիմադիր ուժերն ինչ «կադրային ռեսուրսով» են մոտենում ընտրություններին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս առումով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքում կան որոշակի հստակեցումներ: Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն հաստատված է Ներքին գործերի նախարարի թեկնածուն: Նա, մեր տեղեկություններով, ներկայում գործող ոստիկաններից է:
«Իրավունք» թերթը գրում է. «Ընդդիմությանը պետք է անխնա ոչնչացնել կոմպրոմատներով: Գտեք հին ու նոր խայտառակ դեպքեր ու «պուբլիչնի» խայտառակեք, սրանք պիտի ամսի 7-ի գիշերը վնգստան պարտությունից»,- ըստ ՔՊ-ում տարածված լուրերի` հրահանգել է Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին»։
«Իրավունք» թերթը գրում է. Ընտրություններից ամիսներ առաջ կալանավորների եւ ձերբակալվածների մեծ մասի խափանման միջոցը փոխվում է առնվազն տնային կալանքով:
Հիմա կասեք՝ ինչ վատ բան կա դրանում, մենք էլ կասենք՝ բնավ, բայց... Հայաստանում ներկայում գործում է 10 քրեակատարողական հիմնարկ (կալանավայր/ՔԿՀ)։ 2026 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի ՔԿՀ-ներում պահվում է մոտ 2869 անձ: Ստացվում է, որ թեթեւացնելով բանտախցերը՝ նոր կալանավորների եւ դատապարտյալների տեղ են ազատում: