Արդեն երկրորդ օրն է, ինչ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ընթերցում և մեկնաբանում է իշխող ուժի նախընտրական ծրագրի առանձին դրույթներ։ Ի թիվս այլ հարցերի՝ ՔՊ ներկայացրած ծրագրում անդրադարձ է արվում նաև եկեղեցու բարենորոգման օրակարգին։ Նշվում է, որ իշխող ուժը որդեգրում է ճանապարհային քարտեզ, ըստ որի՝ «եկեղեցու փաստացի պետը»՝ Գարեգին Բ կաթողիկոսը պետք է հեռացվի, ընտրվի կաթողիկոսական տեղապահ, ընդունվի եկեղեցու նոր կանոնադրություն, այնուհետև տեղի ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեզ համար ընդունելի՞ է, որ Փաշինյանը Վեհափառին անվանում է եկեղեցու պետ ու խոստանում հեռացնել նրան»։
Հարցվածների մի մասը նշեց, որ դա անընդունելի է, քանի որ եկեղեցին առանձին կառույց է, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։
«Չեմ զբաղվում ես դրանով, թող ինչ ուզում են անեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չի ընդունում Նիկոլ Փաշինյանին։ «Ոչ ընդունելի չի, Փաշինյանի ոչինչը ընդունելի չի, չեմ ընդունում ես իրեն»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ իշխանությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին։ «Ոչ։ Եկեղեցին դա առանձին կառույց է, մեր հավատքն է, մեր ամեն ինչն է, իշխանությունը գործ չունի եկեղեցու հետ։ Իշխանությունը չի կարող խոչընդոտել եկեղեցու հավատքին»,- ասաց նա։
«Ոչ ընդունելի չի իմ համար։ Գուցե հին բաներ ունեն իրար հետ կապված։ Պետությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին, այդքան բան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․
Արփինե Նավասարդյան