copy image url
Ավելին 4 ամիս առաջ - 20:54 06-04-2026

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին

Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը դատական հայց էր ներկայացրել Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի նախկին փոխնախագահ և կինոգործիչ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ։

Պատճառն այն էր, որ վերջինս Դիարբեքիրում ցուցադրել էր «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, որը ներկայացնում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի պատմությունը:

Կինոգործիչի դեմ ընթացող դատավարության հիմքում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներն էին։ Նշվել է, որ Աքսոյը պետք է պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական ​​​​մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ դատական հայցը նրա դեմ է, քանի որ նա է դիմում ներկայացրել հիշյալ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար։

Ապրիլի 6-ին Դիարբեքիրի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի է ունեցել Ռոջհիլաթ Աքսոյի գործով 2-րդ դատական ​​նիստը։ Հոծ բազմության պատճառով նիստը սկսվել է 30 րոպե ուշացումով։ Հետաքննությունից հետո կազմված մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ ֆիլմը 1915 թվականի իրադարձությունները պատկերել է որպես ցեղասպանություն, իսկ հայերին՝ անմարդկային վերաբերմունքի զոհ։ Աքսոյի փաստաբան Ֆըրաթ Յըլդըզը հայնել է, որ իրենք համաձայն չեն վերոնշյալ կարծիքի հետ և խնդրել է իր պաշտպանյալի արդարացումը։ Ըստ նրա՝ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում գործադրում արվեստի վրա։

Փաստաբանը նաև նշել է, որ իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ, այլ միայն մասնակցել է ցուցադրության գործընթացին։ Դրա հետ մեկտեղ հավելել է, որ նույնիսկ եթե նա լիներ ռեժիսորը, մեկ է, դա պետք է դիտարկել խոսքի ազատության շրջանակներում:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպեր այս հարցի վերաբերյալ: Կան որոշումներ, որոնցով անհատներ և հաստատություններ, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիան, որոնք հետապնդվել էին 1915 թվականի իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածելու մեջ, արդարացվել են»,- նշել է նա:

Վերոնշյալ փաստարկներից հետո դատարանն արդարացրել է Ռոջհիլաթ Աքսոյին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում