copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 23:17 31-03-2026

Երևանը փորձում է փակել հակամшրտության պատմական օրակարգը, մինչդեռ Բաքուն այն վերածում է ազդեցության հիմնական լծակի

Բաքվի հստակ ուղերձը․ հակամարտությունը շարունակվում է, այս մասին գրել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ 1918 թվականի մարտի 31-ի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը ցույց է տալիս, որ Բաքվի համար պատմությունը քաղաքական ճնշման գործիք է։

Ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները ներկայացվում են միակողմանի՝ որպես «հայկական ցեղասպանություն ադրբեջանցիների նկատմամբ», ձևավորելով հստակ նարատիվ, որը միտված է ազդեցություն ունենալ բանակցային գործընթացների վրա։

1918 թվականի Բաքվի դեպքերը պատմագիտության մեջ գնահատվում են որպես բարդ և բազմաշերտ բախումներ՝ պայմանավորված Ռուսական կայսրության փլուզմամբ, քաղաքացիական պատերազմի քաոսով և իշխանության վակուումով։ Այդ իրադարձությունների ընթացքում արձանագրվել են փոխադարձ բռնություններ, և դրանց միակողմանի ներկայացումը խեղաթյուրում է պատմական իրականությունը՝ ծառայելով կոնկրետ քաղաքական նպատակների։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության առանցքային շեշտադրումներից մեկը «ցեղասպանություն» ձևակերպման կիրառումն է։ Սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից ցեղասպանությունը պահանջում է հստակ ապացույցներ՝ կանխամտածված և համակարգված ոչնչացման վերաբերյալ։ Նման որակավորում տալը 1918 թվականի դեպքերին չունի բավարար իրավական հիմք և ավելի շատ կրում է քարոզչական բնույթ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Երևանի փոխարեն «Իրևան» անվան օգտագործումը։ Սա հստակ քաղաքական ուղերձ է՝ տարածքային ենթատեքստով։ Այն ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության անշրջելիությունը։

Հայտարարության կառուցվածքը ևս խոսուն է․ 1918 թվականի իրադարձությունները կապվում են 20-րդ դարի վերջի զարգացումների հետ՝ ստեղծելով մեկ միասնական մեղադրական շղթա՝ մինչև Խոջալու և հետագա հակամարտություններ։ Այս մոտեցումը նպատակ ունի միջազգային հանրության աչքում ձևավորել այն ընկալումը, թե հայերը երկարաժամկետ և համակարգված բռնությունների հեղինակ են։ Սա նարատիվային ռազմավարություն է, որի միջոցով փորձ է արվում ոչ միայն արդարացնել սեփական գործողությունները, այլև կանխարգելել Հայաստանի դիվանագիտական հակազդեցությունը։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները խոսում են «հաստատված խաղաղության» մասին և փորձում նվազեցնել պատմական թեմաների քաղաքական նշանակությունը։ Սակայն Բաքվի վարքագիծը ցույց է տալիս հակառակը․ Ադրբեջանը ոչ միայն չի փակել անցյալի էջերը, այլև դրանք ակտիվորեն վերածում է քաղաքական ճնշման գործիքի։

Արդյունքում ձևավորվում է ակնհայտ ասիմետրիա․ Երևանը փորձում է փակել հակամարտության պատմական օրակարգը, մինչդեռ Բաքուն այն վերածում է ազդեցության հիմնական լծակի։ Այս պայմաններում «խաղաղության» մասին խոսույթը մնում է խոցելի, քանի որ այն չի ամրապնդվում փոխադարձ քաղաքական վարքագծով։

Ադրբեջանի ԱԳՆ ուղերձը պարզ է՝ հակամարտությունը շարունակվում է, պարզապես՝ նոր ձևաչափով։ Քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերություններում չի ձևավորվել հավասարակշռություն, «խաղաղության» մասին հայտարարությունները մնալու են առավելապես հռետորական մակարդակում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում