Պաշտոնյաների համար միևնույն է՝ 10, թե 1000 զոհվածի մասին է խոսքը. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը պարզաբանել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը, որում 44-օրյա պատերազմի զոհերի թիվը սխալմամբ նշվել էր 4800։ Մարգարյանը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ վրիպակ է եղել և ճշտել, որ զոհերի թիվը 3755 է։

«Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,- նշել է Աղասի Մարգարյանը։

44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տարբեր տվյալների և հայտարարությունների ֆոնին Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ պատերազմի ավարտից տարիներ անց պաշտոնյաների կողմից շարունակում են շփոթվել զոհերի թվերը։

Հարցման մասնակիցներից մեկը կարծիք հայտնեց, որ պաշտոնյաների կողմից թվերի շփոթությունը կարող է դիտավորյալ լինել։

«Դե, խաբում են, չեն ուզում մարդկանց խաբել, իրար այդքան բան կա»,- ասաց նա։ Մեկ այլ քաղաքացի հրաժարվեց հարցին պատասխանել՝ նշելով, որ Երևանից չէ և չի կարող այդ հարցի վերաբերյալ կարծիք հայտնել։ Հարցման մեկ այլ մասնակից նշեց, որ, իր կարծիքով, պաշտոնյաները չեն շփոթվել, այլ պարզապես սխալ թիվ են ներկայացնում։

«Իրենք չեն շփոթվել, իրենք թիվը անցնում են։ Ճիշտ չի։ Իմ կարծիքով՝ նորմալ չէ»,- ասաց քաղաքացին։

Մեկ այլ հարցված պնդեց, որ պաշտոնյաները, իր կարծիքով, չեն շփոթում զոհերի թիվը։

«Չեն շփոթում, իրենք չեն շփոթում, իրենց տենց ա պետք»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի հայտարարեց, որ շատ վատ է վերաբերվում ստեղծված իրավիճակին։

«Շատ վատ եմ տրամադրված, շատ վատ եմ վերաբերվում, որովհետև իրենց համար միևնույն է՝ 10, թե 1000 զոհվածի մասին է խոսքը։ Դրա համար էլ իրենց ոչ սրտացավություն ունեն, ոչ մի բան, կարևորը՝ իրենց համար լավ լինի»,- ասաց նա։

Հարցման մասնակիցներից մեկը, անդրադառնալով զոհերի թվի շուրջ հակասություններին, պնդեց, որ իշխանությունները, իր կարծիքով, իրական թիվը չեն ցանկանում հրապարակել։ «Իրենք լավ հիշում են իրենց զոհվածներին, չեն շփոթում։ Ուղղակի չեն ուզում բացահայտվի իրենց բանը՝ զոհվածների թիվը չեն ուզում բացահայտեն»,- ասաց քաղաքացին։

Նա նաև անդրադարձավ Հայաստանի ներկա իրավիճակին և արտերկրի հայերին ու հայկական լեգեոնին ուղղված կոչ հնչեցրեց։ Մեկ այլ քաղաքացի, խոսելով զոհերի թվի շփոթության մասին, նշեց, որ ինքն արցախցի է և ստեղծված իրավիճակին շատ ծանր է վերաբերվում։

«Շատ վատ եմ վերաբերվում։ Ես էլ եմ Ղարաբաղցի, շատ վատ վիճակում եմ»,- ասաց նա՝ նշելով, որ իր համար հատկապես ցավալի է պատերազմի և դրա հետևանքների թեման։

Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը 3755 կամ 4800 չէ։ ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել է 3833 զոհի մասին։

Մանրամասները` տեսանյութում: