copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 14:19 17-03-2026

Դիտավորյալ արարք է, խորթ մայրը ձերբակալվել է. ՆԳ նախարարը 1-ամյա երեխայի դեպքի մասին

Բնականաբար ունեցել ենք ահազանգ բժշկական կենտրոնից, որ երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն, մեր իրականացված օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունք է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է։

Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, News.am-ի հետ զրույցում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին 1 տարեկան 2 ամսական տղա երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին։

«Անմիջապես հաղորդում է ուղարկվել նախարարության կողմից քննչական կոմիտե, նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ և այն անձը, ով մեր տվյալներով կասկածվում է այդ արարքի կատարման համար, անմիջապես ձերբակալվել է և հանձնվել է քննչական կոմիտե։ Խոսքը խորթ մոր մասին է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 16-ին, կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել էին երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը: