Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:42 25-02-2026

Հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում, մենք երախտապարտ ենք մեր հարևաններին. Փաշինյանի ելույթը՝ Լեհաստանում

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա և խաղաղության գործընթացն իր գագաթնակետին է հասել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին ընդունված համատեղ հռչակագրի ստորագրմամբ: Վարչապետի խոսքով՝ առանց ԱՄՆ նախագահի մասնակցության, անձնական ներգրավվածության և նախաձեռնության խաղաղության գործընթացն անորոշ կլիներ, և միանշանակ է, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը և մասնակցությունը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության համար:

«Հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ հայկական և ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով չեղան սահմանային զոհեր: Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ խաղաղությունը կառուցման փուլում է, որի մասին պետք է հոգ տանել: «Դա է հիմնական գաղափարը, որը ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել, և դրա համար մեզ անհրաժեշտ է շարունակաբար ջանք գործադրել, քանի որ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման համար այնպիսի կարևոր փուլերի մասին, որոնցից է՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ դրանով Հայաստանը և Ադրբեջանը որոշեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է նաև ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին, խոսել ռազմավարական ներդրումային ծրագրի՝ Թրամփի ուղու, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման մասին: «Շատ կարևոր է նշել, թե հիմա ինչ է լինելու, ինչ է միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին: Ինչպես ասացի, դա ներդրումային նախագիծ է Հայաստանի տարածքում և այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապակցի արևելքը և արևմուտքը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ: Ինչ խոսք, այն նաև նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական Միության համար, քանի որ գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով այժմ մենք մատակարարման շղթաների ճգնաժամ ունենք աշխարհում, և Թրամփի ուղին, որը Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շատ կարևոր մաս է, նոր ճանապարհ, նոր մատակարարման ուղի կստեղծի արևելքից արևմուտք, Եվրոպական միությունից դեպի Կենտրոնական Ասիա, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպական Միություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ընդգծել, որ վերջին տարիներին բավականին ակտիվ երկխոսություն կա Թուրքիայի հետ:

«Ինչ խոսք, մենք երախտապարտ ենք մեր հարևաններին ևս, քանի որ շատ կարևոր է նշել, որ մեր հարևանները` Վրաստանը և Իրանը միշտ աջակցել են այս խաղաղության գործընթացին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ տարածաշրջանի բոլոր պետություններն արդեն զգում են խաղաղության օգուտները և համոզմունք հայտնել, որ այս գործընթացը կհաշտեցնի ամբողջ տարածաշրջանը։

Ամփոփելով իր խոսքը՝ երկրի ղեկավարը նշել է. «Մենք բոլորս Հարավային Կովկասը համարում ենք մեր տունը, և մեզ անհրաժեշտ է հոգ տանել Հարավային Կովկասի մասին: Ես հավատացած եմ, որ այս գործընթացն սկիզբ է առել, և անկեղծ ասեմ՝ իմ տպավորությունն է և իմ համոզմունքն է, որ այս խաղաղությունը և այս կառուցողական գործընթացն անշրջելի է»։

Այնուհետև վարչապետը պատասխանել է Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել