Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:48 23-02-2026

Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ՝ պահպանման ենթակա ազգային արժեք. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի 25-ամյակի հոբելյանական միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Հանրապետության նախագահը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

Նախագահը Վահագն Խաչատուրյանի ողջունի խոսքը.

«Այսօր մենք նշում ենք Ջրային կոմիտեի հիմնադրման 25-ամյակը։ Սա կարևոր ժամանակահատված է պետական կառավարման համակարգի համար, և, միևնույն ժամանակ, լուրջ առիթ՝ վերանայելու անցած ուղին և գնահատելու այն խնդիրները, որոնք դեռևս մնում են լուծման կարիք ունեցող։

Ջրային կոմիտեի ստեղծումը պայմանավորված էր մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի՝ ջրային ռեսուրսների կառավարման համակարգված և պետականորեն պատասխանատու կազմակերպման անհրաժեշտությամբ։ Անցած տարիների ընթացքում ձևավորվել են կառավարման մեխանիզմներ, իրականացվել են ենթակառուցվածքային ծրագրեր, պահպանվել և շահագործվել են ոռոգման և ջրամբարային համակարգեր։ Սակայն պետք է արձանագրենք նաև այն փաստը, որ ջրի կորուստների բարձր մակարդակը, համակարգերի մաշվածությունը և արդյունավետության հետ կապված խնդիրները շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ։

Հայաստանը ջրային պաշարներով համեմատաբար ապահով երկիր է, սակայն այդ հանգամանքը ինքնին բավարար չէ։ Ջուրը ազգային հարստություն է, և դրա պահպանությունն ու խելամիտ օգտագործումը պահանջում են առավել հետևողական քաղաքականություն, տեխնոլոգիական արդիականացում և կառավարման բարձր պատասխանատվություն։ Կլիմայական փոփոխությունների, տեղումների ռեժիմի փոփոխության և ջրային պահանջարկի աճի պայմաններում յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր անարդյունավետ օգտագործում վերածվում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական խնդրի։

Այս հոբելյանը պետք է ընկալվի ոչ այնքան որպես ձեռքբերումների ամփոփում, որքան՝ զգաստացնող պահ։ Այն մեզ հիշեցնում է, որ ոլորտում դեռևս մեծ աշխատանք կա անելու։

Անհրաժեշտ է խորքային գնահատել առկա թերություններն ու բացերը, վերանայել գործիքակազմը, վերաիմաստավորել կառավարման մոտեցումները և որդեգրել առավել արդյունավետ լուծումներ։ Ջրային կոմիտեի դերակատարությունը պետք է շարունակաբար հզորանա՝ հենվելով մասնագիտական ներուժի, հաշվետվողականության և երկարաժամկետ ռազմավարական մտածողության վրա։

Միաժամանակ պետք է հստակ ընդգծել, որ ջրի կառավարման հարցը չի սահմանափակվում մեկ կառույցի լիազորություններով։ Շատ բան կախված է պետական մարմինների համակարգված աշխատանքից, համայնքային կառավարման արդյունավետությունից, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու վերաբերմունքից։ Ջրի օգտագործման մշակույթի ձևավորումը, խնայողության և անհատական պատասխանատվության գիտակցումը պետք է դառնան հասարակական վարքագծի մաս։ Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ որպես պահպանման ենթակա ազգային արժեք։

Վստահ եմ, որ համատեղ և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է նվազեցնել կորուստները, բարձրացնել համակարգերի արդյունավետությունը և ձևավորել ջրային կառավարման այնպիսի մոդել, որը կհամապատասխանի Հայաստանի զարգացման երկարաժամկետ նպատակներին։

Այս 25 տարիները թող լինեն ոչ միայն անցած ճանապարհի հիշեցում, այլև հստակ հանձնառություն՝ առավել պատասխանատու, արդյունավետ և հեռատես աշխատանքի համար»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել