copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 11:45 24-01-2026

52 հանքափորների փոխարեն հնդիկների են բերել, որոնք փախել են. Ախթալայում գործադուլը շարունակվում է

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 52 աշխատակից արդեն շուրջ 9–10 օր է մասնակցում է բողոքի ակցիայի՝ պահանջելով աշխատավարձերի և աշխատանքի անմարդկային պայմանների շուրջ առաջացած խնդիրների լուծում։ Աշխատակիցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Էդուարդ Փահլևանյանը, ով Oragir.News-ի հետ զրույցում մանրամասնել է իրավիճակը։

Նրա խոսքով՝ հանքափորները գրավոր դիմում են ներկայացրել՝ խնդրելով միջամտել և պաշտպանել իրենց ոչ միայն աշխատանքային, այլև մարդու իրավունքները։

«Մեր հանքափորներն աշխատում եմ ճորտի կարգավիճակով: Ես անձամբ մեկնել եմ Ախթալա՝ փորձելով հանգուցալուծել աշխատավարձի և աշխատանքի պայմանների շուրջ առաջացած կոլեկտիվ վեճը։ Պաշտոնապես, աշխատանքային օրենսգրքին համապատասխան, գրավոր դիմել եմ տնօրինությանը բանակցությունների համար, սակայն որևէ արձագանք չեմ ստացել»,— նշել է նա։

Փահլևանյանի խոսքով՝ տնօրինությունը փորձել է աշխատակիցների մի մասի հետ առանձին հանդիպումներ կազմակերպել, սակայն հանքափորները մերժել են առաջարկը՝ պնդելով, որ նման պայմաններում չեն շարունակելու աշխատանքը։

Արհմիության ներկայացուցիչը պնդում է, որ գործատուն փորձել է աշխատողներին փոխարինել Հնդկաստանից բերված աշխատուժով՝ առանց համապատասխան պատրաստվածության և լիցենզավորման։

«Փորձել են 5-10 հոգու այլ վայր տանեն, որպեսզի տնօրենն առանձին իրենց հետ հանդիպի, իրենք մերժել են այդ առաջարկները։ Ես հորդորել եմ, որ իրենք աշխատանքի դուրս գան, բայց իրենք կտրուկ, ասել են՝ ոչ, այդ պայմաններում մենք չենք աշխատելու։ Ես անձամբ ականատես եմ եղել և ունեմ վիդեո ապացույցներ, թե ինչպես են հնդիկ աշխատողներ բերվել՝ 52 հանքափորի փոխարեն աշխատելու։ Սակայն նրանք, տեսնելով պայմանները, հրաժարվել են և փախել։ Սա անհեթեթության գագաթնակետն է․ չպատրաստված մարդկանց ներգրավել առանձնապես վտանգավոր աշխատանքներում՝ կյանքի վտանգով»,— ընդգծեց նա։

Ըստ Փահլևանյանի`առկա են նաև տեսանյութեր, որոնք վկայում են հանքափորների աշխատանքի խիստ վտանգավոր և անթույլատրելի պայմանների մասին։

«Այդ պայմանները ոչ միայն չեն համապատասխանում որևէ ստանդարտի, այլ պետք է անհապաղ դադարեցվեն։ Մենք պատրաստվում ենք դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պահանջելով կասեցնել Ախթալայի ԼՀԿ-ի գործունեությունը և քննարկել լիցենզիայի հետկանչի հարցը»,— նշել է նա։

Բացի այդ, արհմիությունը դիմելու է նաև աշխատանքի տեսչություն՝ վարույթ սկսելու և խախտումները փաստաթղթավորելու նպատակով։

Փահլևանյանի պնդմամբ`գործատուն արդեն ծանուցումներ է ուղարկել աշխատակիցներին՝ աշխատանքից ազատելու վերաբերյալ՝ «աշխատանքի չներկայանալու» հիմքով, ինչը, նրա գնահատմամբ, հերթական իրավախախտումն է։

«Մարդիկ այլ եկամուտ չունեն։ Ախթալայում շուրջ 1800 բնակիչ կա, որոնցից մոտ 450–500-ը աշխատում են հենց այս կոմբինատում։ Ժամկետային պայմանագրերով, փորձաշրջաններով տարիներ շարունակ խուսափել են հավելավճարներից։ Սա ոչ թե պարզապես խախտում է, այլ աշխատանքային իրավունքների համակարգային ոտնահարում»,-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր