Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 21:08 25-12-2025

Բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են․ Վեհափառ

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանի, Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Տերունական աղոթքից հետո սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ։ Նորընծա սարկավագների անունից Բարեշնորհ Վռամ սարկավագ Հարությունյանը երախտիքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը հայրական սիրո ու հոգածության համար՝ խոստանալով իբրև ապագա հոգևոր սպասավորներ արդարացնելու Հայոց Հայրապետի հույսերը։

Այնուհետև Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նորին Սրբությանը ներկայացրեց նորընծա սարկավագներին՝ հայցելով Հայոց Հայրապետի օրհնությունը։

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ քրիստոնեական Եկեղեցու առաջին նահատակի՝ Սուրբ Ստեփանոսի անձին՝ ընդգծելով, որ յուրաքնչյուր հոգևորական պետք է առաջնորդվի նախասարկավագի նվիրումի ու հանձնառության ոգով։

Նորին Սրբությունը հորդորեց հետևել Եկեղեցու փառքը կերտած մեր սուրբ հայրերի օրինակին, ովքեր ի սեր Աստծո, Եկեղեցու և հայրենիքի, քաջությամբ, ամուր հավատքով ու նախանձախնդրությամբ, նախասարկավագի լուսավոր օրինակով իրենց կյանքը ընծայել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը, Եկեղեցու պայծառությանն ու Հայրենիքի շինությանը։

Հայոց Հովվապետը նկատեց, որ բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ։ Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ, ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղ հանգրվաններ։

Ամենայն Հայոց Հայրապետը սարկավագաց դասին պատգամեց, որ Սուրբ Ստեփանոսի հավատքը, աստվածսիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին:

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև սարկավագաց դասի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու առաքելությանը և նրա առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի