copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 21:40 23-12-2025

Լուռ սակարկություն՝ Սյունիքի ճանապարհի շուրջ. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան ալիքում գրում է.

Լուռ սակարկություն՝ Սյունիքի ճանապարհի շուրջ

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանով Ռուսաստանից Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնումը «պատմական իրադարձություն» է, և որ արդեն հասունացել է նաև այլ երկաթուղային ուղղությունների վերաբացման օրակարգը։

Այս հայտարարությունը հնչել է ոչ թե չեզոք միջավայրում, այլ ուղղակիորեն Մոսկվային հասցեագրված քաղաքական ուղերձի համատեքստում։

Փաշինյանի այս խոսույթը ամբողջությամբ համընկնում է Ռուսաստանի ավանդական պատկերացումների հետ, ըստ որոնց Հարավային Կովկասը դիտարկվում է որպես միասնական լոգիստիկ և տնտեսական տարածք։

Սակայն նույն ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունը շարունակում է ներգրավված մնալ TRIPP-ի շուրջ քաղաքական և դիվանագիտական քննարկումներում, որոնք քաղաքական ու ինստիտուցիոնալ իմաստով լայնորեն ընկալվում են որպես արևմտյան նախագիծ՝ ուղղված տարածաշրջանում ռուսական ազդեցության սահմանափակմանը։

TRIPP-ը հակառուսական չէ հռետորաբանությամբ, սակայն հակառուսական է իր կառուցվածքով։

Այն ենթադրում է հաղորդակցությունների միջազգային կառավարում, երրորդ կողմի երաշխիքների ներգրավում և Ռուսաստանի դուրսմղում որոշումների ընդունման առանցքից։

Այս տրամաբանությունը համահունչ է Միացյալ Նահանգների և արևմտյան բլոկի երկարաժամկետ ռազմավարությանը՝ Հարավային Կովկասում նոր ազդեցության ճարտարապետություն ձևավորելու ուղղությամբ։

Այստեղ է ի հայտ գալիս քաղաքական հիմնական հակասությունը։

Մի կողմից, Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, հաղորդակցությունների բացման և տարածաշրջանային ինտեգրման մասին։

Մյուս կողմից՝ նույն իշխանությունը մասնակցում է նախագծի, որը ռուսական քաղաքական շրջանակներում ընկալվում է որպես Ռուսաստանի դերի նվազեցման մեխանիզմ։

Սա արդեն դիվանագիտական անճշտություն կամ իրավիճակային սխալ չէ, այլ գիտակցված երկակիություն՝ տարբեր ուժային կենտրոններին տարբեր, երբեմն միմյանց հակասող ուղերձներ փոխանցելու քաղաքականություն։

Այս երկակիությունն իր մեջ պարունակում է մի շարք լուրջ վտանգներ Հայաստանի համար։

Նախ, այն խորացնում է անվստահությունը արտաքին գործընկերների շրջանում․ Ռուսաստանը սկսում է կասկածի տակ դնել Հայաստանի հայտարարությունների կանխատեսելիությունն ու հետևողականությունը, իսկ Արևմուտքը Հայաստանին ավելի շատ դիտարկում է որպես ժամանակավոր գործիք, ոչ թե երկարաժամկետ ռազմավարական գործընկեր։

Երկրորդ, նման քաղաքականությունը թույլ է տալիս արտաքին դերակատարներին խուսափել հստակ պարտավորություններից՝ պահպանելով անորոշությունը հենց Հայաստանի հաշվին։

Եվ վերջապես, երկակի խաղը աստիճանաբար քայքայում է պետական սուբյեկտայնությունը, երբ Հայաստանը դադարում է հանդես գալ որպես սեփական օրակարգ ձևակերպող կողմ և վերածվում է մրցակցող նախագծերի հատման տարածքի։

Այս համատեքստում հաճախ հնչում է հարցը՝ արդյո՞ք գոյություն ունի ռուս-ամերիկյան համաձայնություն Սյունիքի ճանապարհի շուրջ։

Առկա փաստերը չեն վկայում լիարժեք, ինստիտուցիոնալ ձևակերպված համաձայնության մասին։

Ավելի հավանական է շահերի ժամանակավոր համընկնումը և լուռ չբախվելու քաղաքականությունը, մինչ մեծ տերությունները շարունակում են սակարկությունը։

Այս միջանկյալ իրավիճակում Սյունիքի ճանապարհը աստիճանաբար վերածվում է ոչ թե Հայաստանի սուվերեն վերահսկողության ներքո գտնվող հաղորդակցային հնարավորության, այլ արտաքին նախագծերի խաչմերուկի։

Այդ անորոշությունից առավել շահում է Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանի ներկա իշխանությունը, որը գործընթացը ներքաղաքական դաշտում ներկայացնում է որպես «խաղաղության առաջընթաց»։

Սակայն փոքր պետության համար սա ամենավտանգավոր փուլն է։

Գործընթացներն արդեն ընթանում են, մինչդեռ անվտանգության և սուվերեն վերահսկողության հստակ ամրագրված երաշխիքները բացակայում են։

Հայաստանին անհրաժեշտ է հստակ սեփական օրակարգ, կարմիր գծեր և ինստիտուցիոնալ ամրագրումներ, որպեսզի Սյունիքը դառնա զարգացման հնարավորություն, ոչ թե սակարկության առարկա: Առանց դրա վտանգները մնում են բարձր:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել

Ձեզ գուցե հետաքրքրի