Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 21:45 30-10-2025

1.5 մլն դրամ՝ ՔՊ ցուցակ մտնելու համար, Փաշինյանը լավատես է, Ալիևը Երևան չի գա․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 30-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ մեկնարկել է 2026թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը։ ՔՊ-ի վարչության որոշմամբ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1–ից նոյեմբերի 30–ը ներառյալ, որի համար պետք է նամակով ուղարկեն իրենց ինքնակենսագրականները, իսկ եթե ՔՊ անդամ չեն, նաև կուսսակցության վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։ «Թեկնածուների գրանցումը իրականացնելու է ՔՊ Վարչությունը՝ 2025թ․ դեկտեմբերի 1–ից դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում։ Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5–ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ չնայած ՔՊ-ն պնդում է, որ պատրաստվում է հերթական ընտրությունների, այնուամենայնիվ վերլուծական շրջանակները չեն բացառում, որ կառավարող կուսակցությունը մտադիր է արտահերթ ընտրություններ անցկանցնել։ Օրերս նաև ՔՊ-ն նախընտրական շտաբի ձևավորման մասին հայտնեց, որը կղեկավարի Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Փարիզում Խաղաղության 8-րդ ֆորումի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026-ի ընտրությունները կարևոր են խաղաղության գործընթացի համար։ Նա վստահություն է հայտնել, որ մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր առաջնորդած ուժը կստանա Հայաստանի քաղաքացիների աջակցությունը՝ անկախ առկա մարտահրավերներից: «Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Իհարկե, տարատեսակ մտահոգություններ կան, հիմա, գիտեք, ամբողջ աշխարհում խնդիրներ կան կապված ապատեղեկատվության հետ: Ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, մենք էլ ենք դա զգում և աշխատում ենք կառավարել դա: Բայց ընդհանուր առմամբ ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին և խաղաղության գործընթացին ու հաստատված խաղաղությանը, և նրանք անպայման կաջակցեն դրան», - ասաց Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի պատրաստվում մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրին։ «Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռ թույլ չի տալիս Ալիևի այցը Երևան դիտարկել որպես արդիական քայլ։ Ադրբեջանը ելնում է իրական գործողությունների սկզբունքից։ Բարձր մակարդակի այցն առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող էր կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին։ Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ և պարտավորությունները չեն կատարվել, նման քայլերը անժամանակ կարող են լինել», - հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ների աղբյուրները՝ նկատելով, որ ապագայում բարձր մակարդակի այցելությունների հեռանկարը չի բացառվում։ Ավելի վաղ Արարատ Միրզոյանը լրագրողներին հայտնել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հրավիրվել են Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր