Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 7 ամիս առաջ - 21:30 10-10-2025

Արդար հաղթանա՞կ, թե՞ քաղաքական գնահատական. ովքեր են Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկիրները

Նոբելյան մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է գիտության, գրականության և խաղաղության բնագավառներում բացառիկ ներդրում ունեցած անհատներին կամ խմբերին։

Շվեդիայի և Նորվեգիայի համապատասխան կոմիտեների կողմից հրապարակված այս տարվա արդյունքները ևս ներկայացնում են այն գիտական բացահայտումները, մշակութային ձեռքբերումներն ու հասարակական գործունեությունը, որոնք առավել նշանակալի ազդեցություն են թողել նշված ոլորտների համաշխարհային մասշտաբի զարգացման գործում։

Նոբելյան մրցանակը հիմնվել է 1895 թվականին՝ համաձայն Ալֆրեդ Նոբելի կտակի։ Նոբելը շվեդ գյուտարար, արդյունաբերող և քիմիկոս էր, որը առավել հայտնի է դինամիտի հայտնագործությամբ: Իր կյանքի ընթացքում նա հեղինակել է ավելի քան 350 գյուտ և մեծ հարստություն է կուտակել։ Իր կտակում Նոբելը ունեցվածքի մեծ մասը հանձնարարել է փոխանցել իր անունը կրող Նոբելյան հիմնադրամին, որի ֆոնդից ամեն տարի պետք է պարգևատրվեն այն անձինք, որոնք «մեծագույն ծառայություն են մատուցել մարդկությանը»՝ ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և խաղաղության բնագավառներում։

Հետագայում դրանց ավելացավ նաև Տնտեսական գիտությունների մրցանակը, որը շնորհվում է Շվեդիայի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ։

Ստորև ներկայացնում ենք այս տարվա Նոբելյան մրցանակի հաղթողներին՝ ըստ բնագավառների՝

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի 2025 թվականի հաղթողներն են՝ Ջոն Քլարկը, Միշել Հ. Դեվորեն և Ջոն Մ. Մարտինիսը «էլեկտրական շղթայում մակրոսկոպիկ քվանտային մեխանիկական թունելավորման և էներգիայի քվանտացման հայտնաբերման համար»:

Քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Սուսումու Կիտագավային, Ռիչարդ Ռոբսոնին և Օմար Մ. Յագիին «մետաղ-օրգանական կառուցվածքների մշակման համար»:

Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում 2025 թվականի Նոբելյան մրցանակի մրցանակակիրները Մերի Է. Բրանկոուն, Ֆրեդ Ռամսդելը և Շիմոն Սակագուչին են «պերիֆերալ իմունային տոլերանտության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»:

Գրականության Նոբելյան մրցանակի այս տարվա մրցանակակիրը Լասլո Կրաշնահորկային է «իր համոզիչ և տեսլական աշխատանքի համար, որը ապոկալիպտիկ տեռորի մեջ վերահաստատում է արվեստի ուժը»:

Եվ վերջապես, այս տարվա Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրը Մարիա Կորինա Մաչադոն է «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների պաշտպանության գործում իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու պայքարի համար»:

Այս տարվա Նոբելյան մրցանակակիրների ընտրությունը ևս հիշեցնում է, որ հանձնաժողովը ոչ միշտ է օբյեկտիվ՝ որոշ անվանակարգերում ակնհայտ քաղաքական ազդակներ կան։ Հերթական անգամ հաղթողներից ոմանք ընտրվել են ոչ միայն իրենց գիտական կամ մշակութային նվաճումների համար, այլ նրանց գործունեությունը հաճախ արտացոլում է միջազգային քաղաքական և հասարակական կողմնապահություն, ինչը ցույց է տալիս, որ Նոբելյան մրցանակները ևս զերծ չեն քաղաքականացված գնահատումներից։

Այս առիթով տեղին է հիշել, թե ինչպես 1964 թվականին ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան-Պոլ Սարտրը հրաժարվեց Գրականության Նոբելյան մրցանակից։ Սարտրը մեկնաբանեց, որ իր ազատությունն ու ստեղծագործական անկախությունը վտանգված կլինեին, եթե ինքն ընդուներ մրցանակը՝ շեշտելով, որ ոչ մի պարգև չի կարող փոխարինել ստեղծագործական անկախությանը։

Գրողի համոզմամբ՝ Նոբելյան մրցանակը որքան էլ բարձր գնահատական լինի, որոշակիորեն պարտավորեցնող է. «Որպես գրող՝ ես չպետք է թույլ տամ վերածվել ինստիտուտի, նույնիսկ այս դեպքում, երբ դա ամենապատվավոր բնույթն է կրում․․․

Տարբերություն կա «Ժան-Պոլ Սարտր» և «Ժան-Պոլ Սարտր, Նոբելյան մրցանակի դափնեկիր» մակագրությունների միջև»․ պարզաբանում է Սարտրը իր «Թե ինչու հրաժարվեցի մրցանակից» հոդվածի մեջ։

Սարտրի համեմատությունը դարձավ խորհրդանշական․ նրա համոզմամբ՝ Նոբելյան մրցանակն ընդունելը նույնն էր, ինչ փրկօղակ նետելը խեղդվողին այն պահին, երբ նա արդեն հաղթահարել է ալիքները և ինքնուրույն հասել ափ։

Էլեն Դանիելյան



Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից