Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:15 08-08-2025

Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում 2001 թվականի մայիսի 23-ին «Մենք ու մեր շահերը» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է Մեղրին հանձնելու մեջ, միևնույն ժամանակ պնդում՝ «այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է»։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև

«Մեղրիի հարցի մուտքը օրակարգ, եթե արտահայտվելու լինենք կենցաղային լեզվով, հայի չուզողության հետեւանք է: Ավելի ճիշտ, չուզողությունը պետության քաղաքականության հիմքում դնելու հետեւանք: Թուրքերը գիտեն ինչ են ուզում. նրանք ուզում են դուրս գալ Կենտրոնական Ասիա, ու եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում հավակնություններ ունեցող որեւէ այլ դաշնակից չունի, ստացվում է, որ ի դեմս Թուրքիայի, Կենտրոնական Ասիա է ուզում դուրս գալ ԱՄՆ-ը:

Հայաստանը չգիտի, թե ինչ է ուզում: Հայաստանը գիտի միայն, որ ամեն ինչ պետք է անի՝ Թուրքիայի մուտքը Կենտրոնական Ասիա խոչընդոտելու համար, որովհետեւ այդպես ձեռնտու է Ռուսաստանին ու նորերս մեր բարեկամը դարձած Չինաստանին: Ու ԱՄՆ-ը մտածում է, եթե ՀՀ-ն անտեսելով սեփական շահը իր ողջ տարածքը ծառայեցնում է Ռուսաստանին, ի՞նչն է խանգարում, որ մի փոքր, չափազանց փոքր տարածք ծառայի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերին: Այդ փոքր տարածքը Մեղրին է, ու եթե այդ միջանցքի գաղափարն իրականանա, Հայաստանն այլեւս չի կարող խանգարել Թուրքիային եւ ԱՄՆ-ին, քանի որ կդադարի աշխարհքաղաքական գործոն լինել: Հիմա Հայաստանը աշխարհքաղաքական գործոն է, ու լուրջ գործոն, նաեւ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ (որից այդքան ընդունված է բողոքել): Բայց այսօր՝ ուրիշի ծրագրերին խանգարող աշխարհքաղաքական գործոն: Իհարկե ոչ ոք երբեք անվերապահ չի տրվում իր հարեւանների ծրագրերի իրականացմանը, եւ փորձում է դրանք համատեղել սեփական շահերի հետ: Մեր դեպքում, սակայն, զավեշտն այն է, որ Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին:

Ի դեպ, Մեղրիի անջատման ծրագիրը իր բնույթով շատ է նման 1915 թվականի ցեղասպանության ծրագրին. դրդապատճառների առումով: Այն ժամանակ էլ հայերը, անտեսելով սեփական շահերը, ընկել էին անսահման ռուսասիրության ու չուզողության գիրկը: Իսկ թե ինչ ստացվեց դրանից, գիտենք բոլորս: Հիմա դառնանք Մեղրիին: Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում:

Ի դեպ, Թուրքիան Նախիջեւանի հետ երկաթուղային կապ չունի, ու Նախիջեւան հասնելու համար թուրքերը ստիպված կլինեն օգտագործել մեր երկաթուղին՝ Գյումրի-Երեւան-Երասխ գծում, ու վճարել դրա համար: Թե սա քանի միլիոն դոլար է մեր բյուջեի համար, թող հաշվեն տնտեսագետները: Այսինքն, կոմունիկացիաների բացման գաղափարը այնքան էլ վատը չէ: Այլ բան, որ այդ գաղափարը Քոչարյանի նմանների մասնակցությամբ դարձել է բոբո այս ազգի գլխին: Որովհետեւ նրանք կոմունիկացիան բացելը շփոթում են հողը հանձնելու հետ: Իսկ որեւէ մեկը մտածե՞լ է, թե ինչ տեղի կունենա Մեղրին հանձնելուց հետո. անմիջապես կհետեւի Թուրքիա-Նախիջեւան երկաթուղու կառուցումը, որից հետո Հայաստանն ընդհանրապես կվերածվի փակուղու: Իսկ քանի դեռ սա տեղի չի ունեցել, մեզ պատմական շանս է տրված դառնալ այս տարածաշրջանի սիրտը, արեւմուտքի ու արեւելքի հատման կետը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Այդ շանսը օգտագործելու համար պետք են հետեւյալ պայմանները.

1․ Կտրել ցանկացած ձեռք, որ կփորձի Մեղրին կամ Մեղրիի վերահսկողությունը հանձնել ուրիշին:
2․ Գիտակցել, որ Հայաստանը կարող է ունենալ ռուսական շահերից տարբերվող շահեր:
3․ Գիտակցել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր հարեւաններն են, ու նրանց հետ հարաբերությունների բարելավումը կենսական հարց է:
4․ Հայաստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա: Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանը Ադրբեջանի համար ելք է դեպի Թուրքիա, այսպիսով նաեւ Եվրոպա: Ահա կոմունիկացիոն շահերի այն կծիկը, որի փոխկապակցված գործնական կիրառումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը:

Նիկոլ Փաշինյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել