copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 13:00 31-05-2025

Եվրոպական ֆիլմերի փառատոն-2025-ը վերահաստատում է կինոյի հզոր ներուժը․ Մարագոս

Կինոյի տանը տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի փառատոնի փակման արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, կինոսեր հասարակության ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվել է յոթ օր, սակայն Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը շարունակվում է ամբողջ տարին․ «Հայաստանը գտնվում է եվրոպական մշակութային տիրույթում, երկկողմ ձևաչափով համագործակցում է եվրոպական բազմաթիվ երկրների հետ, իսկ Եվրոպական միության հետ մեր երկիրն ունի բազմակողմ համագործակցության օրակարգ։

Վերջերս ավարտվեց Ստեղծարար արդյունաբերության ծրագիրը, որը Եվրոպական միության կողմից ֆիանսավորվող ամենամեծ ծրագիրն է մշակույթի ոլորտում։ Նախաձեռնել ենք Հայաստան-Եվրոպական միություն շարունակական երկխոսություն մշակույթի ոլորտում, որը միտված է եվրոպական երկրների հետ համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը։ Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության հարթակները շատ կարևոր են, քանի որ մշակույթն է, որ իրապես միավորում է ժողովուրդներին և պետություններին»։

Նա վստահություն է հայտնել, որ մշակութային ծրագրերը կխթանեն Հայաստանի և եվրոպական երկրների միջև միջմշակութային երկխոսությունը, ինչպես նաև կնպաստեն ՀՀ-ում իրականացվող մշակույթի ոլորտի բարեփոխումներին ու ենթակառուցվածքների զարգացմանը։

Անդրադառնալով փառատոնային ֆիլմերին՝ նախարարի տեղակալը նշել է, որ մեկ շաբաթ շարունակ Երևանի Կինոյի տանը հնարավորություն է ընձեռվել դիտելու միջազգային ճանաչում ունեցեղ հեղինակներ Ջոշուա Օփենհայմերի, Ռադու Ժուդեի, Միգել Գոմիշի և այլոց ֆիլմերը։ Եվրոպական ֆիլմերի փառատոնը եզրափակվել է Պաբլո Լարրինի «Մարիա» ֆիլմով:

Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը և Հայաստանի կինոգործիչների միությանը՝ կինոտոնի կազմակերպման համար:

Փառատոնի փակմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Եվրոպական ֆիլմերի փառատոն-2025-ը վերահաստատում է կինոյի հզոր ներուժը՝ որպես կամուրջ, որը միավորում է մշակույթները և մարդկային փորձառության գունեղ ու բազմաշերտ կողմերը։ Փառատոնը նշանավորել է Եվրոպայի և Հայաստանի հարուստ մշակութային բազմազանությունը»,- ասել է դեսպան Վասիլիս Մարագոսը և շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր գործընկերներին փառատոնի կայացման գործում ունեցած ներդրման և գործընկերության համար։

Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվել է մայիսի 24-30-ը Կինոյի տանը:

Հանդիսատեսը 7 օր շարունակ բնօրինակ լեզվով ու հայերեն, անգլերեն ենթագրերով դիտել է «էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա» ֆիլմերը:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան