Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:11 06-02-2025

Ի՞նչ է գործնականում նշանակում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը․ Իշխան Սաղաթելյան

Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

«ԱՄՆ-ում Փաշինյանը դարձյալ խոսել է միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ՀՀ ներկայացրած հայցերը ետ կանչելու Ադրբեջանի պահանջին համաձայն լինելու վերաբերյալ։

Ի՞նչ է նշանակում գործնականում այդ հայցերից հրաժարումը։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Առաջինը վերաբերվում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո արձանագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:
Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հրաժարվել Ադրբեջանական գործողությունների դատապարտումից և անուղղակի արդարացնել Ադրբեջանի ոտնձգությունները։

Երկրորդ գանգատը վերաբերվում է Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին ու բանտարկությանը։

Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հիմնավորել Արցախի գոյությունը հանցագործություն համարող Ադրբեջանի մեղադրանքը, դեռ ավելին՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանն էլ ճանաչել հանցակիցներ։

Երրորդ գանգատը վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին։

Հրաժարվել այս գանգատից, կնշանակի՝ լեգիտիմացնել ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը Հայաստանի սուվերեն տարածքում։
Նշենք, որ այս պահին ՀՀ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։

Բացի սա, Հայաստանն ունի նաև 1990-ականներից Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներ։
Չորրորդ գանգատը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2022 թվականի մարտից հետո ծավալված իրադարձություններին, որը ներառում է Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, Արցախի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանության փուլը:

Հրաժարվել այս գանգատից, կնշանակի արդարացնել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, ռազմական ագրեսիան ՀՀ տարածքում։

Նշենք, որ մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասսայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։
Այս գանգատը վերաբերում է նաև արցախցիների գույքային պահանջներին։

Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների մեծամասնությունը որպես գույքային պահանջ միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարությունն իրենց անունից կներկայացնի իրենց շահերը, իսկ այս գանգատից հրաժարվելու դեպքում արցախահայերի գույքային իրավունքները կմնան չպաշտպանված։

Նշենք, որ 2020 թվականի պատերազմի մասով հայցեր ներկայացնելու ժամկետներն անցել են, և եթե Հայաստանը հրաժարվի այս գանգատից, ապա անհատները զրկված են լինելու դատարան դիմելու հնարավորությունից։

Այսպիսով, հրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել պատերազմական հանցագործություններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից