Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:15 05-01-2025

Փաշինյանը նսեմացնում Է հերոսության գաղափարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն թեզը, որ հերոսությունը պետք է առօրեականացվի, վկայում է հերոսության գաղափարի և դրա կարևորության աղճատված ընկալման մասին։

Հերոսությունը չի կարող վերածվել առօրյայի, քանի որ այն իր բնույթով բացառիկ է, արտասովոր և պահանջում է խիզախություն՝ բարձրագույն նպատակների համար անձնական զոհողության գնալու պատրաստակամություն։ Փաշինյանի մոտեցումը, թե հերոս կարելի է դառնալ առօրյա կյանքում՝ հարկեր վճարելով, միջավայրը մաքրելով կամ բարեվարքությամբ, արժեզրկում է հերոսության գաղափարը՝ այն վերածելով հասարակ բարոյական և սոցիալական վարքի։ Այս մոտեցումը ոչ միայն հերոսության էությունը թուլացնում է, այլև վտանգավոր է՝ հասարակությանը մոլորության մեջ գցելու առումով։

Հերոսությունն այն բացառիկ պահերն է, երբ մարդը դուրս է գալիս իր առօրյայից՝ վտանգելով իր կյանքը, բարօրությունն ու անվտանգությունը՝ ի նպաստ ավելի մեծ նպատակի։ Մարդիկ, ովքեր զոհվում են հայրենիքի համար, իսկապես արժանի են հերոսի կոչման, քանի որ իրենց զոհողությունը գերազանցում է ցանկացած առօրյա պարտականություն։ Հերոսությունը պատերազմի դաշտում է,հերոսները Եռաբլուրում են: Փաշինյանի առաջարկը հերոսությունը մոտեցնել «սովորական մարդուն» կարող է նվազեցնել այդ բացառիկ արժեքը՝ ստիպելով մարդկանց ընկալել հերոսությունը որպես «սովորական» երևույթ։ Սա ոչ միայն սխալ է գաղափարապես, այլև հանգեցնում է հասարակության բարոյական չափանիշների թուլացման։ Երբ հերոսությունը դառնում է «հասանելի» բոլորին, այն կորցնում է իր հզոր միավորիչ ազդեցությունը։ Պատմությունն էլ ցույց է տալիս, որ պետությունները, որոնք չեն գնահատել իրենց իրական հերոսներին, կորցրել են իրենց ազգային ինքնությունը։

Օրինակ, Սպարտայի կամ Հռոմի կայսրության ժամանակ հերոսները հանդիսացել են ազգային դիմագծի հիմքը, և նրանց բացառիկությունը ծառայել է որպես ներշնչանքի աղբյուր հասարակության համար։

Անշուշտ, հասարակության մեջ պետք է խրախուսել բարեվարքությունը, սոցիալական պատասխանատվությունը և քաղաքացիական պարտականությունների կատարումը։ Սակայն այս ամենը պետք է հստակ տարբերակել հերոսությունից։

Հարկեր վճարելը, աշխատանքով զբաղվելը կամ միջավայրը մաքուր պահելը պարզապես պարտականություններ են, այլ ոչ թե հերոսություն։ Դրանք կատարելը հպարտության պատճառ կարող է լինել, բայց ոչ թե հերոսականության։ Փաշինյանի առաջարկը՝ հերոսությունն առօրեականացնել, նսեմացնում է այն մարդկանց արժանիքները, ովքեր իրենց կյանքով կամ բացառիկ նվաճումներով ընդմիշտ մնացել են պատմության մեջ որպես ազգի նվիրյալներ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել