Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:02 04-10-2024

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 և Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 նորակառույց դպրոցներ՝ ծանոթանալու գույքով ապահովման գործընթացին:

Դպրոցները կառուցվել են Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում և արդեն մոտ 1 տարի է՝ ինչ սկսել են բնականոն դասապրոցեսը: Դպրոցներն ապահովված են ուսումնական նոր գույքով. այս պահին ավարտին են մոտենում ճաշարանների կահավորման աշխատանքները:

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, կազմակերպատնտեսական վարչության պետ Հրանտ Մկրտչյանը և Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները, որին պատվիրակված է եղել դպրոցների շինարարությունը:

Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մխիթարյանը նախարարին տեղեկացրել է, որ դպրոցն ունի 850 աշակերտ, որոնցից 334-ը տարական դասարանների երեխաներ են: Նրա տեղեկացմամբ՝ ճաշարանը պետք է գործի 2 հերթափոխով, որպեսզի հասցնի սպասարկել բոլորին: Նախարարը հետաքրքրվել է՝ որքանով է գույքը մարդաչափական առումներով հարմարեցված երեխաներին և դպրոցի ճաշարաններին հատկացված տարածքներին, ինչ աշխատանքներ դեռ պետք է իրականացվեն:

Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոցի տնօրեն Անդրանիկ Քեհեյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ճաշարանային հատվածում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել, թե այս պահին դեռ ինչ անելիքներ կան: Տնօրենը տեղեկացրել է, որ դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար. այս պահին 303 սովորող ունեն, որոնց մոտ կեսն օգտվելու է ճաշարանից: Այս դպրոցում ևս տնօրենությունը դիտարկում է ճաշարանի գործարկումը 2 հերթափոխով:

Տնօրենը ԿԳՄՍ նախարարին տեղեկացրել է, որ թիվ 111 դպրոցը ներառված է նաև «ԿԱԹ երեխաներին» ծրագրում, որի շահառու են լինելու դպրոցի 5-9-րդ դասարանի աշակերտները: Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ իրականացվող փորձնական ծրագրից օգտվելու է այս դպրոցի 120 աշակերտ. որոշ աշակերտներ հրաժարվել են՝ ծնողների դիմումների համաձայն:

Նախարարը հետաքրքրվել է, թե արդյոք ամբողջությամբ ապահովվել է դպրոցներին հատկացված ուսումնական նոր գույքը և մարզադահլիճների կահավորումը: Նշվել է, որ գույքային հագեցվածությունն արդեն ավարտական փուլում է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցների պատասխանատուների հետ քննարկել է ճաշարանի գործարկման ժամկետները, ինչպես նաև աշխատանքների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր:

Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններն ամբողջությամբ ապահովվում են նոր ուսումնական, մարզական, խոհանոցային և լաբորատոր գույքով ու սարքավորումներով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ