copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:32 11-07-2024

Սարգիս Գալստյանը լրտեսություն է կատարել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ

Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների, արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս․Գ․-ն, 2018-2023 թթ․ Արցախում զբաղեցնելով տարբեր՝ մասնավորապես, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները և, տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։ Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Ս․Գ․-ն համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։

Այնուհետև Ս․Գ․-ն օտարերկրյա հետախուզության ծառայության հիշյալ աշխատակցի առաջադրանքով, 2020-2023 թվականների ընթացքում հավաքել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023 թ․ սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ, այդպիսով կատարելով լրտեսություն:

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո, Ս․Գ․-ն, օտարերկրյա հետախուզության ծառայության վերը նշված աշխատակցի կողմից ստանալով պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:

Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելուց անմիջապես հետո վերջինս ձերբակալվել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս․Գ․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քրեական վարույթից Ս․Գ․-ի վերաբերյալ մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը