copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:45 04-03-2024

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը, որում ներկայացվել է ՀՀ գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության նախագիծը:

Խորհրդի կազմում ներգրավված են ինչպես պետական հատվածի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի մի շարք հայտնի ընկերությունների՝ «Սինոփսիս Արմենիա», «Ինթելինեյր», «ՍԱԴԱ սիստեմս», «Սթրաթեջիք վելյու վենչուրս», «Բիգքընթրոլս», «Պրոջեքթ ինթեգրեյշըն» և այլ ընկերությունների ղեկավարներ:

Մինչ նախագծի ներկայացումը, Կառավարության ղեկավարը նշել է, որ այս ֆորմատը ձևավորվել է խորհրդի անունից բխող ակնհայտ պատճառներով ու նպատակներով, և շնորհակալություն հայտնել ներկաներին խորհրդում ներգրավվելու, աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության համար: «Ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը զարգացման ճանապարհին ունի բազմաթիվ խոչընդոտներ, և մեր ընկալումն այն է, որ այդ խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը: Այս ֆորմատում մենք կփորձենք ոլորտի ներկայացուցիչների, Կառավարության և խորհրդարանի գործընկերների մասնակցությամբ ռազմավարությունների մշակման գործում ավելի մեծ ներգրավվածություն ապահովել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այսօրվա հանդիպումն այդ պրոցեսի մեկնարկն է, և նիստի արդյունքներով որոշումներ կկայացվեն հետագա աշխատանքի կազմակերպման վերաբերյալ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է ռազմավարության տեսլականը, նպատակը և շրջանակը: Ըստ այդմ՝ ռազմավարության տեսլականը Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի թռիչքային աճի ապահովումն է, իսկ նպատակը՝ կրթության, կիրառական գիտության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների քաղաքականությունների համապատասխանեցման ու փոխկապակցված զարգացման մեխանիզմի ներդրումն ու իրագործումը:
«Վերջին երեք տարիներին կտրուկ ավելացել է գիտության ֆինանսավորումը և հատկանշական է, որ հատկապես նպատակային ծրագրային ֆինանսավորման և թեմատիկ ֆինանսավորման ուղղությամբ է աճը տեղի ունենում»,- նշել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ Հայաստանում լաբորատոր փորձարկումների համար նախատեսված նվազ կարողություններ կան և անհրաժեշտ է այստեղ առաջնահերթություններ սահմանել ու լաբորատոր կարողությունները նույնպես թիրախավորված զարգացնել:

Ըստ Հակոբ Արշակյանի, շատ կարևոր է, որ արդեն կան կապիտալ ներդրումների համար հատկացված միջոցներ: Անդրադառնալով բարձր տեխնոլոգիական ոլորտին՝ նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում՝ 2021 թվականին 34 տոկոս, 2022-ին՝ կրկնապատիկ և 2023-ին՝ 44 տոկոս շրջանառության աճ է գրանցվել:

Նախագծում ներկայացվել են 5 ճյուղեր՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և գիտություններ, որոնք իրենց մեջ պարունակում են և՛ կրթական, և՛ գիտական, և՛ արդյունաբերական ուղղությունների կոմպոնենտներ: Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն գործադիր մարմնի շրջանակներում՝ ի նպաստ վերոնշյալ ճյուղերի զարգացման և ներդրումների արդյունավետության բարձրացման:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է.

«Կարծում եմ, որ խորհրդի աշխատանքային խմբերը պետք է աուդիտի ենթարկեն մեր այս երեք ուղղություններով իրականացվող քաղաքականություններն ու գնահատեն, թե այդ քաղաքականություններն ինչքանով են նպաստում այս ճյուղերի հետագա զարգացմանը, գնահատեն այդ նպաստը: Եթե այդ նպաստը քիչ է, ապա ի՞նչ պետք է անել դա առավել արդյունավետ դարձնելու համար»:

Ծավալվել է մտքերի փոխանակություն նախագծում բարձրացված հարցերի, խնդիրների լուծման և մեխանիզմների հասցեագրման շուրջ: Մասնավորապես, առաջարկություններ և դիտարկումներ են ներկայացվել նշված ուղղություններով զարգացման մեխանիզմների ներդրման շուրջ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի անհրաժեշտ լուծումներ գտնել հայեցակարգային հարցերին և իրագործել նախանշված ծրագրերը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր