copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 16:08 10-11-2023

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 8-ից գործում է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

«Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրությունում առաջին անգամ ներկայացվել են հուշարձանի հարուստ հավաքածուից ավելի քան 150 ինքնատիպ նմուշներ, որոնք հայտնաբերվել են 1956-1975 թթ. Լճաշենի ամրոցում և դամբանադաշտի առաջին, երկրորդ և երրորդ տեղամասերում։

Ցուցասրահում ներկայացված են առարկաներ՝ բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի Լճաշենի հնահասարակության կենցաղի, արհեստների, հոգևոր պատկերացումների, տեխնոլոգիական ձեռքբերումների և սոցիալական կառուցվածքի վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Լճաշենի ուշբրոնզեդարյան համայնքում սոցիալական շերտավորման հնագիտական արտահայտչամիջոցների ներկայացմանը՝ իշխանության խորհրդանշաններ, անվավոր փոխադրամիջոցներ և այլն:

Նշենք, որ Լճաշենի հնավայրը Հայաստանի և հարակից տարածքների պարբերաբար և երկարատև հետազոտված հնագիտական հուշարձաններից է, որտեղ առաջին պեղումները կատարվել են 1866 թվականից և շարունակվում են մինչ մեր օրերը։

Բազմաշերտ հուշարձանն աչքի է ընկնում իր միջնաբերդերով առանձնացված հզոր պաշտպանական համակարգ ունեցող ամրոցով, հիմնականում բրոնզեդարյան դամբանադաշտում: Հուշարձանն ուշադրություն է գրավում այստեղ հայտնաբերված ավելի քան երկու տասնյակ անվավոր փոխադրամիջոցներով (սայլեր, կառքեր), դրանց ուղեկցությամբ` առանձ­նաշնորհյալ կարգավիճակ ունեցող անձանց թաղումներով, առաջավորասիական երկրների հետ կապեր ցույց տվող առարկաներով (կնիք, զենքեր, խեցեղեն առարկաների ձևեր), մետաղագործական, խեցեգործական, փայտամշակության զարգացած ավանդույթներով:

Նշենք, որ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրության շրջանակում «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցությամբ պատրաստվել է ֆիլմ, իսկ առաջիկայում կհրատարակվի գիտական պատկերագիրք։

Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակային է նաև Հայաստանի պատմության թանգարանում օրերս անցկացված «Զինվորը, քուրմն ու առևտրականը․ վերակարգության հնագիտական դրսևորումները բարդ հասարակություններում» խորագրով միջազգային գիտաժողովի համատեքստում: Գիտաժողովին մասնակից շուրջ երեսուն հայ և օտարազգի հետազոտողներ իրենց զեկույցներում հիմնականում անդրադարձել են մեզ հասած բրոնզեդարյան ուշագրավ ժառանգությանը։

Ցուցադրությունը բաց կլինի առաջիկա ամիսներին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը