copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 13:59 22-10-2023

Երկու հանճարների համագործակցությունը․ այսօր Կոմիտաս վարդապետի հիշատակի օրն է

«…Եվ ինքը Կոմիտասն էլ կարծես երազի նման անցավ, նա էլ կարծես մի երազ էր, մի հեքիաթ, որ եղել է և չի եղել, որ կա և չկա»,-գրել է Մանուկ Աբեղյանը:

Այսօր Կոմիտաս վարդապետի հիշատակի օրն է։

Ցավոք, անկատար մնաց երկու հանճարների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի համագործակցությունը՝ «Անուշ» օպերան։

Վարդապետին օպերան ստեղծել առաջարկել է թբիլիսյան իշխանադուստր, բարեգործ Մարիամ Թումանյանը, ով Կոմիստասին է ուղարկել Թումանյանի պոեմը:

«Կարդացել եմ Թումանյանի «Անուշ» պոեմը և շատ եմ հավանել»,- պատասխանել է Կոմիտասը:

1904 թվին Վարդապետը մեծ ոգևորությամբ սկսել է աշխատել պոեմի վրա: Մի տարի անց օպերայի մի մասն արդեն պատրաստ էր:

1905 թվականի մարտի 3-ով թվագրված նամակում Թումանյանը Կոմիտասին խնդրում է Թիֆլիս գալիս իր հետ վերցնել «Անուշ» օպերայի պատրաստի հատվածները. «Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն կունենամ Ձեզ հետ ծանոթանալու և խոսելու «Անուշ» օպերայի մասին: Եթե կարելի է, Ձեզ հետ բերեցեք ձայնագրված կտորները, ասում են, շատ հաջող են դուրս եկել»:

Դերենիկ Դեմիրճյանը վկայում է. «…Մի տարի անց, գնալով Էջմիածին, այցելեցի Կոմիտասին: Հիշում եմ նրա հատվածները «Անուշ» օպերայից, որի վրա աշխատում էր: Նա երգեց Սարոյի և Անուշի հանդիպումը՝ «Ասում են ուռին»-ը: Արիաները օրգանապես ծնունդ էին ժողովրդական երգի և զարմանալի պարզ իրենց գեղեցկության մեջ: Ինձ հետաքրքրում էր ժողովրդական դիալոգը…»:



1908 թվականի մայիսի 24-ին Կոմիտասն Էջմիածնից գրում է Հովհ. Թումանյանին. «Աղբեր, վաղուց է սկսել եմ և բավական բան գրել քո Անուշից, բայց դեռ պակասավոր բաներ շատ կան, որպեսզի մի ամբողջություն դառնա: Այս գիրս առնելուն պես գրիչդ կառնես և ինձ մի դրական բան կգրես: Այս ամառվա արձակուրդներին պետք է զբաղվեմ առավելապես «Անուշ»-ով: Գրիր, թե երբ կարող ես մի քանի օրով ինձ մոտ հյուր գալ և այստեղ միասին վերջացնենք, և ես հանգիստ շարունակեմ. ամեն անգամ երբ տրամադրությունս տեղն է, ձեռքերս թուլանում են, որովհետև երգի հարմարեցված չեն, դեռ բաներ ու պակասներ էլ կան»:

Դրանից ընդամենը 15 օր անց Թումանյանին ուղարկած նամակում Կոմիտասը գրում է, որ «Անուշի» լիբրետոն լրացնելու համար բանաստեղծի հետ աշխատելու նպատակով պատրաստ է մեկնել Դիլիջան: Կոմիտասի նամակներից երևում է, որ 1909թվականի փետրվարին օպերայի ստեղծման աշխատանքները հաջող են ընթանում, և որ ինքը վշտացած է Թումանյանի բանտարկությամբ: Միաժամանակ Կոմիտասը գանգատվում է, որ «… էլի կիսատ մնաց «Անուշի» երգական խմբագրությունը»:



Մեր օրեր են հասել Կոմիտասի «Անուշ» օպերայի՝ հեղինակի ձեռքով գրված 27 թերթիկներ: Նրանց վրա խնամքով գրված են տարբեր բնույթի մեղեդիներ՝ իրենց տեքստերով: Պահպանվել է «Անուշ» պոեմի՝ 1903 թվականին հրատարակված օրինակը, որի լուսանցքներում Կոմիտասի ձեռքով արված են բազմաթիվ նշումներ ու ցուցումներ: Դրանցից կարելի է որոշակի պատկերացում կազմել Կոմիտասի մտահղացումների մասին, հասկանալ, թե ինչպես է ինքը պատկերացրել օպերայի բեմական մարմնավորման, երաժշտական դրամատուրգիայի զարգացման, գործիքավորման, գեղարվեստական ձևավորման և այլն մանրամասները:

1908 թվին Կոմիտասը գրել է Թումանյանին, որ արդեն բավականին աշխատանք է արվել, և ամեն ինչ պատրաստ է, որպեսզի գործը միասին ավարտեն: Սակայն նրանք այդպես էլ չեն կարողանում հանդիպել…

«Երբ լսում եմ Կոմիտասի երաժշտությունը, շոգից ծարաված ճամփորդ եմ դառնում, որ պապակած շուրթերով խմում ու խմում է կարկաչահոս աղբյուրից: Կոմիտասի երաժշտությունն էլ հենց այդ աղբյուրի պես է. կենարար, մաքուր ու բանաստեղծական»,- գրել է Առնո Բաբաջանյանը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը