copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:25 10-05-2023

Գնել Սանոսյանը մասնակցել է Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շնորհանդեսին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերում արտադրողականության բարձրացման, պարենային ապահովության և կենսամակարդակի բարելավման համար» ծրագրի շնորհանդեսին, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում համատեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

Ներկա էին նաև Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Ծրագրի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի՝ «2021-2030թթ․ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների» իրականացմանը, որի շրջանակներում նախատեսվում է Լոռու և Շիրակի մարզերում նվազեցնել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար էներգիայի օգտագործումից առաջացած ածխաթթու գազի արտանետումները, աջակցել կայուն գյուղատնտեսությանը և ավելացնել ոռոգվող հողատարածքները, ինչը կնպաստի փոփոխվող կլիմայի պայմաններում ավելի դիմակայուն գյուղատնտեսությանը և պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրը կաջակցի նաև Հայաստանի կառավարությանը Շիրակի և Լոռու մարզերում ջրային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավման գործում:

Նախարար Սանոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և կարևորել ծրագրի մեկնարկը։

«Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են և թիրախային։ Ծրագիրը երեք կարևոր բաղադրիչ ունի՝ ջրի արդյունավետ օգտագործումը, էներգիայի խնայողությունը և գյուղատնտեսական նշանակությունը։ Բոլորիս հաջողություն եմ մաղթում, որպեսզի պատշաճ ժամկետներում և նախանշված ուղղություններով աշխատանքները իրականացնենք»,-ասել է նախարարը։

Բացման ելույթներից հետո ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են ծրագրային փաստաթուղթը։

Այս ծրագրի շահառուներն են ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն, Լոռու և Շիրակի մարզերի ջրօգտագործողների միությունները և մարզպետարանները: Ենթադրվում է, որ մոտավորապես 6,000 մարդ ուղղակիորեն կշահի ծրագրի արդյունքներից, այդ թվում՝ ֆերմերները և նրանց խմբերը, տեղական մասնավոր կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման և մարզային մարմինները: Ծրագրի անուղղակի շահառու է մոտ 30,000 մարդ՝ նպատակային մարզերի ամբողջ բնակչության մոտ յոթ տոկոսը։ Ծրագրի ավարտին Լոռու մարզում գործող թիրախային «Այրում-Ճոճկան» և «Ճոճկան» երկաստիճան պոմպակայանները և Շիրակի մարզում գործող «Բենիամին» պոմպակայանը կարդիականացվեն էներգաարդյունավետ պոմպերով և ցանցին միացված ֆոտովոլտային կայաններով։

Թիրախային խմբերը կունենան նաև կենտրոնացված աշխարհագրական տեղեկատվական համակարգերի վրա հիմնված տեղեկատվություն, կկրճատվեն գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի վտանգները, կբարելավվեն Ջրային պետական կոմիտեի և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնագիտական և ինստիտուցիոնալ կարողությունները։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը