copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:01 03-05-2023

Ընդունվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման մասին նախագիծը

Ազգային ժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է. ստացվել է երկու առաջարկ, որոնք մասամբ ընդունվել են: «Առաջարկներից մեկը վերաբերել է գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման մասով դրույթի ներառմանը, որն ընդունվել է: Երկրորդ առաջարկը եղել է Գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող դրույթների հետ կապված»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է այն հիմնավորումները, որոնք հիմք են հանդիսացել օրենսդրական փոփոխությունների համար:

«Նախագծի համար հիմք է հանդիսացել 2020 թվականին կատարված մեծածավալ հետազոտությունը, որի արդյունքներով ՀՀ կառավարությանը տրվել են 19 կոնկրետ առաջարկություններ՝ խմբավորված 4 հիմնական բաղադրիչներում: Եվ ներկայում Կառավարությունը հետևողական գնում է այս առաջարկներն իրացնելու ճանապարհով: Առաջարկների մի էական կտոր վերաբերել է գիտության ոլորտի ֆինանսավորմանը, որը համարվել է անբավարար՝ էական և որակական փոփոխություններ անելու համար: 2018 թվականի համեմատ՝ այս տարի 150 տոկոսով ավելի ֆինանսավորում է հատկացվել գիտության ոլորտին: Սա ահռելի թիվ է, և գիտական կազմակերպությունները պետք է կարողանան այն արդյունավետ օգտագործել: Զուգահեռաբար իրականացվում է կարողությունների զարգացման գործընթաց. վերջին երկու տարում գիտական կազմակերպությունների կարողությունների շարունակական զարգացման միջոցով հասել ենք նրան, որ այդ կազմակերպությունները «Հորիզոն Եվրոպա» ծրագրով ստացել են են 2,9 մլն եվրո դրամաշնորհ : Եվ դա այն պարագայում, երբ նախկինում՝ 2014-20 թվականների ընթացքում, այդքան չեն կարողացել ստանալ: Սա զգալի առաջընթաց է, որը երևում է նաև թվերով»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ առաջարկություններում եղել են նաև կառավարման և այլ ուղղություններով կոնկրետ անելիքներ, որոնք ընկած են այս օրենսդրական նախաձեռնության հիմքում:

Օրենսդրական նախաձեռնությունը միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխմանը և նպատակ ունի լուծել մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը գիտության դաշտում վարվող վիճակագրության և իրականացվող քաղաքականության համապատասխանեցումն է միջազգային չափանիշներին: Այդ նպատակով սահմանվում են մի շարք հասկացություններ:

Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա:

Հարակից զեկուցող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Քննարկումների արդյունքում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենսդրական փաթեթը:
Այսօրվա նիստում առաջին քննարկմամբ ընդունվել են նաև ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը և «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան