copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:30 06-04-2023

Անահիտ Մանասյանի թեկնածությունը բոլոր առումներով հակասում է Սահմանադրության չափանիշերին․ նախկին ՄԻՊ

«Արդեն երկրորդ անգամ է, ինչ իշխանությունները Մարդու իրավունքների պաշտպանի համար առաջադրում են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված որակներին հակասող ու չհամապատասխանող անձանց»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Ես Մանասյան Անահիտին անձնապես չեմ ճանաչում, բայց ակնհայտ է, որ ինքը չի համապատասխանում հստակ ձևակերպված պահանջին։ Դա բարի ցանկություն չէ, դա պահանջ է, որ թեկնածուն պետք է վստահություն վայելի, պաշտոնն ստանձնելուց առաջ մարդու իրավունքների դաշտում վարած գործունեությամբ ծանոթ լինի հանրությանը։ Կարծում եմ, որ հնարավոր է՝ այդ շատ լավ իրավաբանին, այնուամենայնիվ, տեղին չէ առաջադրելը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում»,- ասաց նա։

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպանն անդրադարձավ նաև թյուրըմբռնմանը, թե դա ներկայացված պահանջներից միայն մեկն է։ Հստակեցրեց՝ դա կարևոր ու առաջնային կետերից մեկն է։

«Դա հստակ նշանակում է, որ այդ պահանջը նրա համար է, որ մարդու իրավունքների պաշտպանը երաշխավորված լինի ամենակարևոր երաշխիքով՝ անկախ գործունեություն ծավալելու համար։ Անշուշտ, օրենքի մեջ կա հոդված, որը խոսում է երաշխիքների մասին, բայց, չգիտես ինչու, մարդիկ չեն հասկանում, որ ամենամեծ երաշխիքը հենց այդ պահանջն է՝ հասարակության կողմից վստահությունը»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանն այս ամենից գալիս է եզրահանգման, որ իշխանություններն այս քայլերն անում են մտածված։

«Ներկա իշխանությունները դա անում են իմացյալ, մտադրված, արդեն երկրորդ անգամ։ Ես ամբողջովին դատապարտում եմ այդ մոտեցումը, որովհետև իրենք մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և հաստատությունը դարձնում են պարզապես շարքային, գործադիրի մարմիններից մեկը։ Սա ամբողջությամբ հակասում է ՄԻՊ-ի թե՛ գաղափարախոսությանը, թե՛ մեր Սահմանադրությանն ու օրենսդրությանը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկմանը գրանցված միջադեպերին, Ալավերդյանն ասաց․ «Փաստորեն, ինչպես ճիշտ նշել է Թագուհի Թովմասյանը, պատգամավորների այդ կեցվածքն ու այդ պահվածքը, պետք է պարզապես դիտարկվի զուտ քրեական օրենսգրքի լույսի ներքո։ Ես իր հետ ամբողջովին համաձայն եմ։ Պարզապես ափսոսում եմ, որ երևի թե չեն զգալու, թե ինչ պաշտոն է պատգամավոր լինելը։ Կապ չունի, մինչև անգամ որ իրենց էլ չեն ճանաչում, իրենք հայտնվել են այդտեղ, թե ինչու են հայտնվել, դա չէ հարցը։ Խոսքը գնում է դաստիարակության պակասի մասին, որն ամոթալի է ցանկացած մարդու համար։ Այստեղ խոսել, թե դա ինչպես է եղել, մեկնաբանելն ավելորդ եմ համարում։ Գտնում եմ, որ դրանով պետք է զբաղվեն պատկան մարմինները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմության ներկայացրած թեկնածու Էդգար Ղազարյանին, Ալավերդյանի խոսքով՝ նա համապատասխանում է վերը նշված պահանջներին։

«Էդգար Ղազարյանն ավելի ճանաչված է հասարակության մեջ։ Նա կարող է ո՛չ միայն առանձին մարդկանց իրավունքները պաշտպանելու առումով, կարծում եմ, որ այդքան չի երևացել իր գործունեությունը, որքան օրվա իշխանությունների կողմից մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների հարցերով է զբաղվել, որը տեղի է ունենում այս իշխանությունների՝ լինի անգործությամբ, լինի՛ սխալ գործունեության արդյունքում։ Անշուշտ, ինքն այդ առումով ավելի հայտնի է, և իրեն ավելի կվստահի հանրության այն մասը, որը կարծում է կա՛մ սխալվել է ընտրությունների ժամանակ, կա՛մ պարզապես գտնում է, որ ցանկացած իշխանություն, եթե չի գործում իր ո՛չ նախընտրական ծրագրերի, ո՛չ Սահմանադրության համապատասխան, ոչ էլ օրենսդրությամբ։ Կարծում եմ, որ այդ թեկնածուն շատ ավելի մեծ անկախություն կցուցաբերեր այդ պաշտոնն զբաղեցնելու դեպքում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր