Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 04-04-2023

Ադրբեջանը կոչ է անում Հայաստանին պատասխանատվության ենթարկել՝ «ականազերծման հարցում համագործակցությունից հրաժարվելու համար»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է Հայաստանին ուղղված անհիմն մեղադրանքներ հնչեցնել։ Այս մասին տեղականում ենք ականների վտանգի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան գրառումից։

Պաշտոնական Բաքուն մասնավորապես հայտնել է՝ նրանք, ովքեր անկանոն կերպով ականներ են տեղակայել, ինչպես նաև նրանք, ովքեր հրաժարվել են համագործակցել դրանք վնասազերծելու հարցում՝ այդ թվում նաև Հայաստանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Այսօր ականների իրազեկման միջազգային օրն է։ Նրանք, ովքեր ինքնաբուխ տեղակայել են ականները, և նրանք, ովքեր հրաժարվել են համագործակցել դրանց վնասազերծման գործում, այդ թվում՝ Հայաստանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք պետք է վերջ տանք նրանց պատճառած մարդկային հսկայական կորուստներին»,- ասված է գրառման մեջ։

Նշենք, որ ադրբեջանկան կողմը պարբերաբար նման մեղադրանքներ հնչեցնելով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել իր կողմից իրականացվող մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներից՝ այդ թվում նաև Լաչինի միջանցքի շրջափակման թեմայից։

Հիշեցնենք նաև, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Արցախի օկուպացված տարածքներում առկա ականապատված բոլոր տարածքների քարտեզները, ինչը հաստատվել է նաև Ադրբեջանի կողմից։