Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:15 16-03-2023

Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերները պետք է գնահատական տան Ադրբեջանի հայտարարություններին․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումների և ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ․

«Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում:

Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները:

Խախտած լինելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ըստ էության բոլոր հոդվածները՝ Ադրբեջանի նախագահը միջանցքների մասին իր իսկ խոստովանությամբ մտացածին խոսույթով խոչընդոտում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը:

Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ հնչող վիրավորական բառապաշարը, որն ուղեկցվում է տեղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով, ի ցույց է դնում բարձրագույն մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը:

Ավելին, Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան։

Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել