Այս տարի սեպտեմբերին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները։ Բոլոր թեկնածուների անունները դեռ հստակեցված չեն։
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը
Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով այն մասին, թե Երեւանի ավագանու ընտրություններում հայտնի թեկնածուներից ում շանսերն են շատ, ասաց. «Իմ հասկանալով՝ դա լինելու է սեպտեմբերին, դեռ հետազոտություն չի արվել, քանի որ շատ շուտ է։ Իրականում այնտեղ քաղաքական ուժերի հայտարարություններ պետք է լինեն, մի մասը հնարավոր է միավորվի, նմանատիպ վարկանիշները չափվում են պետական ընտրությունների ժամանակ։ ՏԻՄ մարմինների, այդ թվում՝ Երևանի ընտրությունները մի քիչ ավելի փոքր հորիզոնի վրա են չափվում, ասենք՝ երեք ամիս շուտ․ այդ ժամանակ իմաստ ունի, հիմա իմաստ չունի»։
Դիտարկմանը, որ գոնե Ավինյանի անունը շրջանառվում է, սոցիոլոգն ասաց. «Ես չեմ հետևում։ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ է, որը հավակնում է իշխանության թեկնածուն լինելու, բայց դա էլ փաստ չէ, չունենք հաստատում ՔՊ-ից, որ հենց ինքն է լինելու, այսինքն՝ դա մենք ենթադրում ենք, հետազոտությունը մի քիչ թանկ բան է, մենք ենթադրում ենք, որ գնում է Տիգրան Ավինյանը, այդտեղ միայն խոսույթն է, բայց ոչ մի հաստատում չունենք, որ ինքն է»։
Խոսելով Ավինյանի՝ ընտրություններում ցուցակը գլխավորելուց՝ Սարգսյանն ասաց.
«Դե փոխքաղաքապետն է, ես չեմ բացառում, որ ինքն ուզում է դառնալ քաղաքապետ, ոչ էլ բացառում եմ, որ իր թեկնածությունը ՔՊ-ն առաջ կտանի որպես թեկնածու, բայց օրինակ՝ ՔՊ-ն կարող է ընտրության գնա Ավինյանի հետ, բայց չհավաքի մեծամասնություն և ստիպված լինի մտնել կոալիցիայի մեջ։ Նմանատիպ մոդելների հաշվարկի համար յոթ ամիս առաջ որ ես հետազոտություն անեմ, ոչ մի գիտական, բարոյական հաշվարկ տակը չկա»։
«Չեմ կարող ասել՝ յոթ ամիս հետո ինչ կլինի։ Վաղը չէ մյուս օրը, որ Նիկոլը վերադարձավ, հայտարարեց, որ Հայաստանը ընտրում է եվրոպական ուղի, և ամբողջությամբ այդ ռուսական թևը անջատվում է, ամբողջ իրավիճակը կարող է փոխվել, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի։
Դուք պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, որ գալիս ասում է՝ չէ, նոր ընտրություններ եմ անում, այն էլ՝ ԱԺ-ի։ Կարո՞ղ է լինել․ կարող է, եթե որոշի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալ, պարզ է՝ պետք է նոր ընտրություններ արվեն»,- ասաց Սարգսյանը։
Սոցիոլոգի գնահատմամբ՝ քաղաքապետի ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա, և իմաստ չկա այսքան շուտ ինչ-որ բան հայտնել։
Այսինքն՝ քանի որ մեծ մասշտաբի պրոցեսներ կան, որոնց համեմատ՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները ածանցյալ են, յոթ ամիս շուտ ես չեմ կարող հաշվել, ինչ-որ բան անել, ենթադրություններ անել։ Մասշտաբները այնքան չեն, որ յոթ ամիս առաջ անենք, այնտեղ մասշտաբները այնպիսին են, որ երեք ամիսն էլ բավական է, ընդդիմությունն էլ չի ասել՝ ում թեկնածությունն է առաջարկում»։
Դիտարկամանը, որ տարբեր անձանց անուններ են շրջանառվում, օրինակ՝ Նատալյա Ռոտենբերգի, սոցիոլոգն ասաց. «Դուք հասկանում եք, որ դա լուրջ չի, ասենք՝ լրագրողի համար կարող է՝ հետաքրքիր է, բայց ոչ քաղտեխնոլոգի, առավել ևս ինձ համար որպես սոցոլոգի»,- ասաց Սարգսյանը։