Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 16:45 07-02-2023

Կարեն Գիլոյանը հանդիպել է շախմատիստների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին, Հայկ Մարտիրոսյանին և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանին:

Նրանց ուղեկցել է Հայաստանի շախմատի ակադեﬕայի գործադիր տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վարդուհի Սարգսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ շախմատը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է, և այժմ Կառավարությունն աշխատում է տեխնիկական հագեցվածության խնդիրները կարգավորելու ուղղությամբ.

«Դուք արդեն ապացուցել եք, որ կարող ուժ եք և մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք: Գիտեմ, որ խնդիրների լուծման, ինչպես նաև վերլուծությունների իրականացման համար օգտվում եք ամպային սերվերներից: Առանց դրա՝ այսօր, իսկապես, անհնար է լուրջ առաջընթաց ունենալ: Պետք է անենք ամեն ինչ՝ այդ ծառայություններից օգտվելու հասանելիությունը մեծացնելու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, Chessify բազմաֆունկցիոնալ հարթակին, որը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ շախմատիստների համար:

Chessify-ը ներառում է մի քանի գործիքներ՝ տախտակի սկանավորում, խաղերի վերլուծություն, ամբողջ աշխարհում առաջնությունների ուղիղ հեռարձակումներ և այլն։ Պրոֆեսիոնալ շախմատիստների համար գործում է նաև Chessify-ի ամպային ծառայությունը, որի հիմնական առանձնահատկություններն են անհատական ամպային սերվերները, շախմատային այլ հարթակներում ինտեգրումը: Շախմատիստների խոսքով՝ Chessify-ից հիմնականում օգտվում են պաշտոնական մրցաշարերի նախապատրաստվելիս, ինչպես նաև ուսումնամարզական հավաքների ժամանակ, այն էլ սահմանափակ հաճախականությամբ, իսկ առանց այդ հարթակի՝ ներկայում անհնար է մարզվել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահեցրել է, որ առաջիկայում հավաքականի առաջատար մարզիկները կունենան ծրագրային ավելի մեծ հասանելիություն:

«Կանենք հաշվարկներ՝ հասկանալու համար, թե որքան ռեսուրս է անհրաժեշտ տեխնիկական խնդիրների կարգավորման համար: Ամեն ինչ կանենք, որ դուք մտածեք միայն խաղի մասին»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նշենք՝ Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնություններին: Շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը կանցկացվի մարտի 18-29-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանից մասնակցության հայտ են ներկայացրել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը կանցկացվի Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում:Հայաստանից դեռևս 13 շախմատիստներ են մասնակցության հայտ ներկայացրել՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, միջազգային վարպետներ Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ալեքս Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Սարգիս Մանուկյանը:

​​​​​​​Եվրոպայի անհատական առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 13-27-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արզնիում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից