copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:03 02-02-2023

Ինչո՞ւ է 17 ամիս անազատության մեջ պահվում Արամ Գասպարյանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանն արդեն մոտ 17 ամիս՝ ավելի քան 530 օր գտնվում է անազատության մեջ: Սա՝ այն պայմաններում, երբ անազատության մեջ գտնվելու ընթացքում ունեցել է առողջական խնդիրներ, որոնց մասին, սակայն, ինչպես իրեն ճանաչողներն են ասում, առանձնապես չի բարձրաձայնել՝ ելնելով իր անցած ճանապարհից, մարդկային տեսակից և երեք պատերազմներին մասնակցելու փաստից: «Փաստ» թերթի տեղեկություններով, գտնվելով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, Գասպարյանը նաև ունեցել է առողջական վիճակի այնպիսի վատթարացում, որ ՔԿՀ վարչակազմը ստիպված է եղել գրանցել շտապ օգնության կանչ:

Ի դեպ, որքան մեզ է հայտնի, մինչև կալանավորումը Գասպարյանը նման առողջական խնդիրներ չի ունեցել: Իրավաբանները նշում են, որ իրավունքի մեջ այս իրավիճակը բնութագրվում է որպես մարդու խոշտանգում: Ավելին, մոտ 7 ամիս, ինչպես Արամ Գասպարյանի փաստաբաններն են նշում, դատարանի կողմից նա լսված չի եղել: Ի մասնավորի, նրա խափանման միջոցը փոխելու հարցը քննարկվել էր 2022 թվականի հուլիսի 26-ին: Դատավոր Ֆարխոյանը միջնորդությունը մերժել էր, սակայն դրան հաջորդած ժամանակահատվածում՝ մինչ հունվարի 30-ը, դատարանն ընդամենը երեք դատական նիստ է նշանակել, որոնք փաստացի չեն կայացել, որոնցից մեկը՝ դատական իշխանության կողմից ժողովի նախաձեռնման հետևանքով:
Այսինքն, դատարանը, փաստացի գիտակցելով, որ իր որոշմամբ կա կալանավորված անձ, 7 ամսվա մեջ ընդամենը երեք դատական նիստ է նշանակում, որոնցից մեկն էլ չի կայանում դատավորի՝ ժողովի մասնակցելու պատճառով: Հավելենք, որ ըստ իրավաբանների, քրեական վարույթն ամբողջությամբ կազմված է ընդամենը ինչ-որ կենցաղային խոսակցությունների վրա, և Արամ Գասպարյանը 530 օրից ավելի կալանավորված է այնպիսի մեղադրանքներով, որոնց պարագայում, նույնիսկ գործում ոչ մի փաստ չլինելու պայմաններում, բայց մեղադրական բնույթի դատավճռի դեպքում, անխուսափելիորեն գործելու է ՀՀ քրեական օրենսգրքի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, որի պայմաններում Արամ Գասպարյանն արդեն իսկ փաստացի պատժի 1/3 կրելու հիմքով կարող էր հենց հիմա ազատ արձակվել: Սակայն նույնիսկ այս պայմաններում դատավոր Ֆարխոյանը գտնում է, որ Արամ Գասպարյանը պետք է շարունակի մնալ կալանավորված:
Դեռևս 2021 թվականի դեկտեմբերին դատավոր Արմեն Դանիել յանը, որը հայտնի է իշխանությունների ցանկությամբ բոլորին կալանավորելով, գտել էր, որ Արամ Գասպարյանին պետք է կալանավորել, քանի որ երկու վկա կա, որոնք պետք է լսվեն դատարանում: Այդ երկու վկաները լսվել են դեռևս 2022 թվականի հուլիսին, բայց 2023 թվականի փետրվար ամիսն է, այնինչ Արամ Գասպարյանը դեռ կալանավորված է: Այսինքն, ստացվում է, որ Ֆարխոյանը գերազանցում է նույնիսկ Արմեն Դանիել յանին:

Ի դեպ, հավելենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում, այդ թվում՝ Հայաստանի դեմ կայացված գործերով, նշել է, որ վկաների նկատմամբ ճնշումների վտանգն ընդունելի է վարույթի սկզբնական փուլում. այնուամենայնիվ, գործի քննության ընթացքում դրանք այլևս բավարար չեն անձի կալանքը հիմնավորելու համար։ Այս հանգամանքը ևս հստակ նշվել ու հիմնավորվել է դատարանում, սակայն, ինչպես երևում է, դատավոր Ֆարխոյանի համար նույնիսկ դա նշանակություն չունի» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր