copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:40 26-01-2023

Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է քրդամետ կուսակցության դիմումը

Թուրքիայի սահմանադրական դատարանը միաձայն մերժել է քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության դիմումը, որով կուսակցությունը պահանջում էր փակման հարցով դատական գործընթացը շարունակել Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններից հետո։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ կուսակցությունն իր գանձապետական հաշիվները արգելափակելու համար նշանակված դատի պաշտպանությանը պատրաստվելու համար երկու ամիս ժամանակ էր խնդրել, բայց դատարանը որոշում է կայացրել տրամադրել 15 օր։ Սահմանադրական դատարանի գլխավոր խորհրդի կողմից հաշիվների արգելափակման վերաբերյալ որոշումը կրկին կդրվի քննարկման։

Քրդամետ ԺԴԿ-ի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ դատական գործընթացները շարունակվում են մոտ 2 տարի։ Կուսակցությունը, որի անդամ է հանդիսանում նաև Թուրքիայի մեջլիսի հայազի պատգամավոր Գարո Փայլանը մեղադրվում է Թուրքիայի «ազգ-պետություն անքակտելի միասնությունը մասնատելու, ոչնչացնելու նպատակ հետապնդելու», ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության համագործակցելու մեջ։

Թուրքիայում Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության նկատմամբ բռնաճնշումները հատկապես մեծացան 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: