copy image url
Միտք Մշակույթ 4 տարի առաջ - 21:00 07-07-2022

Մարկ Շագալ և Պաբլո Պիկասո. մի ընկերության պատմություն

Աշխարհահռչակ նկարիչներ Պաբլո Պիկասոն և Մարկ Շագալը ընկերություն են արել մոտ 40 տարի։ Իսպանացի և հրեա երկու այս նկարիչները հանդիպել են Փարիզում։ Քաղաք, որի շնորհիվ նրանք դարձել են համաշխարհային անուն, կարողացել են ինքնահաստատվել և այնպես ինքնադրսևորվել, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը այս արտագաղթյալներին համարել է իրենը ու միայն իրենը։

Պիկասոյին և Շագալին միավորել են Փարիզը, կերպարվեստը, էմիգրացիան, այնուհետև՝ աստղային հաջողությունները։ Նրանք երկուսն էլ հավատարիմ էին առարկային, իհարկե, յուրաքանչյուրը յուրովի․ Պիկասոնք ձևի միջոցով, Շագալը` գույնի։ Նրանք երկուսն էլ իմպուլսիվ էին, էքսցենտրիկ, փառասեր ու շատ տաղանդավոր։ Շագալը ապրեց 98 տարի, Պիկասոն` 91։ Շագալը, որ երբեք ոչ մի բարի ու դրական խոսք չէր ասել իր ժամանակակիցների մասին, այնուամենայնիվ, Պիկասոյին համարում էր մեծ և հանճարեղ։ Նրանք հաճախ էին փոխանակվում հաճելի ու հետաքրքիր մտքերով։ Ֆրանսիական հարավում ստեղծագործելու տարիներին նրանք երբեմն միասին նկարում էին նույն արվեստանոցում։ Այդ օրերին Պիկասոն նույնիսկ թրծել ու նկարազարդել է Շագալի ոճով մի ափսե։

«Երբ Մատիսը մահանա, Շագալը կլինի միակ նկարիչը, որն իսկապես հասկանում է, թե ինչ է գույնը: Ես հիացած չեմ նրա աքաղաղներով, հետույքներով, թռչող ջութակահարներով և այդ ամբողջ բանահյուսությամբ, բայց նրա նկարներն իսկապես նկարված են, ոչ թե խզբզված: Նրա որոշ գործեր ինձ համոզում են, որ Ռենուարի ժամանակներից ի վեր՝ ոչ ոք Շագալի նման լույսը չի զգացել»,- ասել էր Պիկասոն։

Սակայն այս ընկերության մեջ երկուսն էլ կարծես մրցում էին ոչ միայն իրենց արվեստով, այլ նաև սուր ցինիզմով ու միմյանց հանդեպ անհանդուրժողականությամբ։

Երկու հանճարեղ այս նկարիչների ընկերությունն ավարտվեց 1964 թվականին՝ մի անհեթեթ երկխոսության պատճառով։ Այս մասին Ֆրասուազա Ժիլոն իր «Իմ կյանքը Պիկասոյի հետ» գրքում գրում է. «Պիկասոն հարցրեց Շագալին. «Ե՞րբ ես վերադառնալու Ռուսաստան»։

Առաջինը Շագալը հարձակվեց. «Անմիջապես քեզնից հետո: Լսել եմ, որ քեզ այնտեղ շատ են սիրում, ինչը չի կարելի ասել քո գործերի մասին: Փորձիր այնտեղ աշխատել, տեսնեմ` կստացվի՞ քեզ մոտ»:
Պիկասոն, բնականաբար, չուշացրեց պատասխան հարվածը. «Ենթադրում եմ, որ դա քո դեպքում բիզնեսի հարց է։ Իհարկե, դու չես գնա այնտեղ, որտեղ փող չկա»»։

Ֆրանսուազան հիշում է, որ այս խայթոցին Շագալը պատասխանեց ժպիտով, սակայն ներքուստ կատաղած էր, ինչպես ցուլը։
Սրանով ավարտվեց նրանց քառասունամյա ընկերությունը։ Այս դեպքից հետո նրանցից ոչ ոք այլևս ոչ մի ջերմ խոսք չասաց իր նախկին ընկերոջ մասին... Ավելին, նրանք բաց չէին թողնում պահը՝ միմյանց ոճը, արվեստն ու ապրելակերպը քննադատելու համար։

Մի առիթով էլ Շագալն ասել էր. «Ի՜նչ հանճար է այս Պիկասոն, ափսոս, որ նա չի նկարում»: Պիկասոն էլ պատասխանել էր. «Ես չգիտեմ, թե որտեղ է նա գտնում իր այս պատկերները։ Երևի նրա գլխում հրեշտակ է ապրում»։

1964 թվականի ճակատագրական ընթիքից հետո Պիկասոն Շագալին հեգնանքով անվանում էր օդաչու, քանի որ նրա նկարներում բոլորը թռչում են, իսկ Շագալը նույն հեգնանքով Պիկասոյին համարում էր մասնատող դանակ, որովհետև նրա նկարներում մարմնի մասերը ամենատարբեր տեղերում են։

Երկու հանճարեղ այս նկարիչների ընկերությունը տարերային էր ու անհանգիստ, անսովոր ու յուրօրինակ, թռչող ու մասնատող, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին էր նրանց արվեստը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը