copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:13 27-05-2022

Արցախի թեմի առաջնորդը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակությանն է ներկայացրել իրավիճակը ԼՂ-ում

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող ԵՀԽ պատվիրակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:

Ինչպես հայտնում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի գրասենյակից, կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» առաքելության շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են ԵՀԽ ներկայացուցիչներ Սյուզան Դարբերը՝ Մեծ Բրիտանիայից, Կոռնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը՝ Գերմանիայից, Կառլա Խիջոյանը՝ Շվեյցարիայից, Անի Ղազարյան-Դրիսին՝ Շվեյցարիայից: Հանդիպմանը մասնակցում էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը:

Հանդիպման մեկնարկին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրել է Արցախի հարցի նախապատմությունը և ներկա իրավիճակը:

Սրբազան հայրը ներկայացրել է 2020թ. 44-օրյա պատերազմի հումանիտար աղետալի հետևանքները, ներկա իրավիճակն Արցախում և Ադրբեջանի իրագործած պատերազմի հանցանքներն ու մշակութային-կրոնական կոթողների ավերածությունները պատերազմի ժամանակ: Նշվում է, որ պատվիրակության ներկայացուցիչներին հետաքրքրում էր Արցախի բնակչության ներկա սոցիալ-հոգեբանական վիճակը:

Վրթանես սրբազանը տեղեկացրել է, որ պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ակտիվորեն աշխատում են երեխաների, երիտասարդների և հարազատներին կորցրած կանանց հետ: Թեմակալ առաջնորդը հայտնել է, որ հարազատներին կորցրած կանանց համար գործում է հատուկ վերականգնողական ծրագիր: Նաև ասել է, որ որպես հոգևորական՝ հիասթափված է միջազգային հանրության արձագանքից Արցախի պատերազմին՝ տեսնելով, թե ինչպես է հիմա լուսաբանվում Ուկրաինայի ճգնաժամը, և ինչպես են արձագանքում դրան: Նա նաև նշել է, որ Արցախում գործող ՌԴ խաղաղապահ զորակազմն արժանապատվորեն իրականացնում է իր առաքելությունը:

Պատվիրակության անդամները պատմել են, որ ուխտագնացության նպատակն է տեղում՝ եկեղեցիներում և համայնքներում, ծանոթանալ հավատակից քրիստոնյաների ցավերին, մտահոգություններին: Նրանց խոսքով՝ իրենք այցելում են հատկապես այն վայրերը, որտեղի բնակիչները ցավ և տառապանք են կրել: Հավաքագրած տեղեկությունները ներկայացնելու են ԵՀԽ կենտրոնական կոմիտեին, ինչի հիման վրա կկազմվի համապատասխան զեկույց նոյեմբերին կայանալիք համաժողովին ներկայացնելու և դրա ընթացքում անդրադարձ կատարելու նպատակով:
ԵՀԽ համաժողովն անցկացվում է 7 տարին մեկ անգամ: Նման ուխտագնացություններ տարբեր խմբեր իրականացրել և իրականացնում են աշխարհի տարբեր մայրցամաքներում:

Օրվա ավարտին ԵՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցների հետ, ծանոթացել ծրագրային ուղղություններին, անցած 25 տարվա գործունեության պատմությանը:

Մինչև հունիսի 1-ը նախատեսված այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպելու են նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այցելելու են Մասիս և Իջևան՝ ծանոթանալու ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերին, իսկ Երևանում հանդիպելու են Արցախից տեղահանված ընտանիքների հետ:

Պատվիրակությունը նաև այցելելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, մասնակցելու են Սրբազան Պատարագի՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում