copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:51 05-04-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի անդամներին


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստանի Հանրապետություն բարեկամական խմբի անդամներին՝ գլխավորությամբ խմբի ղեկավար Թիմ Փոլ Լոութընի։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնեցին, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Ողջունելով ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել ներկաներին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում աջակցության և մշտական ուշադրության համար։
Նորին Սրբությունն իր մտահոգություններն է հայտնել Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր է նկատել միջազգային հանրության հետևողական ջանքերը գերության մեջ գտնվողների վերադարձման ուղղությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ արձանագրել է ՄԹ Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի և Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի միջև ձևավորված սերտ գործակցությունը։
Իր խոսքում խմբի նախագահ Թիմ Փոլ Լոութընը կարևորել է ջանքերի գործադրումը հանուն Արցախում խաղաղության հաստատման և արցախահայության ապահով կյանքի իրավունքի, նաև պատրաստակամություն հայտնել այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում իր աջակցությունը բերելու հայ ժողովրդին։
Այցի առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքն է հայտնել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ ու նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության և Արցախին մշտապես ցուցաբերվող զորակցության համար։
Զրույցի ընթացքում ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի և Լորդերի պալատի անդամ, Անգլիական Եկեղեցու Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Ջոն Բոքսվորթը Նորին Սրբությանը փոխանցել է Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի ողջույնները։ Քովենթրիի եպիսկոպոսը նաև հետաքրքրվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության վիճակի մասին։ Վեհափառ Հայրապետը տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կողմից սրբավայրերի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ