Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:34 26-01-2022

Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգերի նորացման ծրագրերի ուղղությամբ կծախսվի ավելի քան մեկ միլիարդ դրամ

Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ այս տարի ՀՀ կառավարության եւ «Եվրասիական զարգացման բանկի» համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր, որոնց նախնական ընդհանուր արժեքը կկազմի ավելի քան 1 միլիարդ դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը, արդիականացվելու են Ծովինարի «Մեծ առու», Մարտունի եւ Վաղաշեն համայնքներին ոռոգման ջուր մատակարարող «Մանասի առու» եւ Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքները։

«Ծովինարի «Մեծ առու» ջրանցքի շինարարության մեկնարկը տրվել է նախորդ տարի։ Նախատեսված էր կառուցել 3,3-կիլոմետրանոց հատվածը, սակայն աշխատանքներն ընդհատվեցին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով եւ կշարունակվեն մոտեցող գարնանը։ Մոտ 10 կիլոմետր երկարության հողաշեն ու քայքայված այդ ջրանցքի մնացած հատվածը, որտեղ կորուստները կազմում են մոտ 80 տոկոս, եւս կնորացվի վերոնշյալ ծրագրով։ Ծրագրի իրականացման համար արդեն կազմակերպվել է հանրային լսում, շուտով կհրավիրվի նաեւ երկրորդը։ Այդ ծրագրի շրջանակներում է նախատեսվում նաեւ շուրջ 7 կիլոմետր երկարության «Մանասի առվի» եւ Լանջաղբյուրի ջրամբարի՝ 4.6 կիլոմետր երկարության մոտեցնող ջրանցքի շինարարությունը։ Այս երկու ջրանցքները եւս քայքայվել են ու գրեթե կորցրել պիտանիությունը։ Այժմ աշխատանքները գտնվում են նախագծման փուլում, եւ շատ հավանական է, որ այս տարվա ընթացքում մեկնարկի շինարարությունը։ Ծովինարի ջրանցքը կնորացվի փակ խողովակներով, Լանջաղբյուրի ջրանցքը եւ «Մանասի առուն»՝ երկաթբետոնե կիսախողովակներով։ Այս ծրագրերից բացի, «Գեղարքունիք» ՋՕԸ տարեկան բյուջեի հաշվին ծրագրել ենք իրականացնել ջրանցքների, խորքային հորերի մաքրման ու նորացման, պոմպակայաններում տեխնիկական խնդիրները կարգավորելու աշխատանքներ։ Վարդենիսում առանձին խորքային հորերի համար ձեռք կբերվեն նոր պոմպեր»,- նշեց Արտաշ Սարդարյանը։

ՋՕ ընկերության գործադիր տնօրենն անդրադարձավ նաեւ նախորդ տարում իրականացված աշխատանքներին եւ արձանագրված ձեռքբերումներին ու առաջնահերթ անելիքներին։ «Նախորդ տարվա երաշտի հետևանքով առաջացած դժվարությունները մեզ հիմնականում հաջողվեց հաղթահարել կազմակերպված ու հետեւողական աշխատանքի շնորհիվ։ Մեր հաշվեկշռում եղած 1 966 հեկտար հողամասերը ոռոգվել են ժամանակին, առանց ուշացումների։ Համենայն դեպս, ջրօգտագործողների կողմից չեն եղել դժգոհություններ։ Թերեւս, դրա վառ վկայությունն էլ այն է, որ այսօրվա դրությամբ ոռոգման վարձավճարների գանձումը հասցրել ենք մոտ 92 տոկոսի։ Այս տարի էլ պետք է հաղթահարենք ի հայտ եկած բոլոր տեսակի տեխնիկական խնդիրները, որպեսզի կազմ ու պատրաստ լինենք ոռոգման շրջանի մեկնարկին ու ընթացքին։ Ջրամատակարարման քսան կետերում նախորդ տարի կառուցվել են ջրաչափման դիտակետեր, որտեղ այս տարի տեղադրվելու են ջրաչափ սարքերը։ Սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ ակնկալում ենք համայնքների ներսում ունենալ արդիականացված ջրատարներ, որոնց շնորհիվ նվազագույնի կհասցվեն մատակարարվող ոռոգման ջրի կորուստները։ Իրականացված ծրագրերի արդյունքում նախատեսում ենք ավելացնել մեր հաշվեկշռում առկա ոռոգելի տարածքները՝ դրանք հասցնելով մինչեւ 2 100 հեկտարի։ Նախորդ տարի Լանջաղբյուրի «Թիվ 1» ջրամբարի վերանորոգման համար մեր ընկերությանը սուբսիդիա էր հատկացվել 3,5 միլիոն դրամի չափով։ Շինարարական աշխատանքներն այս ուղղությամբ սկսել ենք անցած աշնանը, որը կշարունակենք եղանակների տաքանալուն պես։ Շատ լավ նորություն ունենք Արգիճի եւ Աստղաձորի ջրամբարների շինարարության մեկնարկի մասով։ ՀՀ վարչապետի աշխատակազմում արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամբարների կառուցման հետ կապված հարցերով։ Այդ ջրամբարների կառուցման եւ շահագործման դեպքում «Գեղարքունիք» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող հողատարածքների ոռոգումը կկատարվի ինքնահոս եղանակով, որի արդյունքում կունենանք էլեկտրաէներգիայի մեծ խնայողություն»,- ամփոփեց «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից