copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:17 04-05-2021

Ադրբեջանը գրավյալ տարածքներում մշակութային ցեղասպանություն է իրականացնում. Դավիթ Բաբայան

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, NEWS.am-ի հարցին ի պատասխան, հայտարարել է, որ ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց տաճարի գմբեթները ավերելը ոչ այլ ինչ է, քան մշակութային ցեղասպանություն, մշակութային ահաբեկչություն և մշակութային նացիզմ:

«Ադրբեջանի իշխանությունները փաստացի այս կերպ փորձում են շատ շոշափելի հարված հասցնելև հասցնում են մեր պատմական հիշողությանը, մեր հպարտությանը: Բայց մենք պետք է դիմանանք հարվածին և կդիմանանք դրան, որքան էլ դա ծանր ու զզվելի լինի: Պետք է հասկանալ, որ այն, ինչ այժմ կատարվում է Ղազանչեցոցում, կարող է մարտավարական նպատակներ ունենալ: Քանի որ Ադրբեջանն, ըստ էության, ոտնձգություն կատարելով Ղազանչեցոցի դեմ, ոչնչացնելով հրեշտակներին ու խաչերը, հետապնդում է որոշակի նպատակներ: Իմանալով Ադրբեջանը, երկար ժամանակ ուսումնասիրելով այս երկիրը, կարող ենք ասել, որ բացի նացիզմի, ահաբեկչության և ցեղասպանության տարրերից, կա նաև տակտիկական գործոն: Նա հատուկ է դրա վրա ուշադրություն հրավիրում՝ մի քանի նպատակ հետապնդելով: Առաջինը, ինչպես ասացի, հարված հասցնել մեր ինքնությանը, մեր հպարտությանը, հիշողությանը, ինքնասիրությանը: Երկրորդը՝ իր համար այս կերպ ճանապարհ հարթելն է՝ շեղելով մեր ուշադրությունը նրանից, ինչ նա այժմ անում է գրավյալ տարածքներում: Իսկ գրավյալ տարածքներում ոչնչացվում է Արցախի ողջ մշակութային պատմական ժառանգությունը: Ղազանչեցոցի դեմ ոտնձգության շուրջ աղմուկը փորձում է ուշադրությունը շեղել այլ ստոր արարքներից, բարբարոսությունից և վանդալիզմից:

Բացի այդ, բացառված չէ, որ այս կերպ նրանք փորձում են ուշադրությունը շեղել մարդասիրական խնդիրներից, ռազմագերիների, պատանդների և այլ խնդիրներից: Մենք որոշակի մտավախություններ ունենք, որ նրանք այնտեղ օրգանների վաճառքով են զբաղվում:

Մենք մեր դիրքորոշումն ու մտահոգությունները հասցրել ենք շատ շրջանակների: Միգուցե Ադրբեջանում զգացել են, որ իրենց հանցագործությունները կարող են հետաքննության առարկա դառնալ, և որոշել են իրենք հարձակման գնալ՝ ուշադրությունը շեղելու և Ղազանչեցոցի վրա կենտրոնանալու համար: Այս պահվածքը բնորոշ է շատ հանցագործների: Հասկանալով, թե ինչ ազդեցություն կունենա, նրանք գնում են դրան: Նրանք ծաղրում են միջազգային իրավունքը, միջազգային հանրությանը և «լուծում են» իրենց հարցերը:

Մենք պետք է գիտակցենք, որ մեր բոլոր հաղթանակներն ու պարտությունները մեզանից են կախված:

Իսկ նրանց ուզում եմ հիշեցնել, որ նա, ով քանդում է Աստծո տունը, երբեք անպատիժ չի մնա: Բայց դա արդեն այլ պատմություն է»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի