Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկավ հայեցակարգային աղմկահարույց հայտարարությամբ՝ պնդելով, թե նախկինում եղել է «նահատակվելու արտաքին քաղաքականություն», իսկ այժմ իրենք առաջարկում են ունենալ «ապրելու և կյանքն ավելի անվտանգ դարձնելու քաղաքականություն»։
Արտաքին քաղաքական վեկտորի այս փոփոխության, դրա վտանգների և պատմական իրողությունների խեղաթյուրման շուրջ զրուցել ենք արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը կոշտ արձագանքեց դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը: Նրա գնահատմամբ՝ իշխանության ներկայացուցիչները փորձում են խեղաթյուրել իրականությունը՝ սեփական ձախողումներն ու պետության գլխին բերած աղետը քողարկելու համար:
«Ես ցավով եմ արձանագրում, որ Արտաքին գործերի նախարարի պաշտոնը տևական ժամանակ զբաղեցրած անձնավորությունը բացարձակապես չի ընկալել նախարարության՝ անցած տասնամյակների ընթացքում իրականացրած առաքելության նշանակությունը: Ավելին՝ այսօր փորձում է դա դնել կեղծ հակադրությունների մեջ, ինչը գոյություն ունեցած իրականության և կատարված աշխատանքի հետ որևէ առնչություն չունի»,- նշեց Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ «ապրելու քաղաքականության» մասին թեզերն իրականում ազգային շահերից հրաժարում են և չգոյություն ունեցող խաղաղության օրակարգի փաթեթավորում. «Սա ընդհանրապես նվաստացման, ազգային շահերից հրաժարման և ոչնչացման քաղաքականություն է: Չունեցող խաղաղությունը պետական քաղաքականության վերածած իշխանության ներկայացուցիչներն այս պահին ամեն տեսակի իրականության խեղաթյուրման կգնան՝ սեփական տապալումները, պետության ու ժողովրդի գլխին բերած աղետն ու ողբերգությունն արդարացնելու համար»,- ընդգծեց դեսպանը:
Հակադարձելով այն պնդմանը, թե նախկինում վարվել է «հակամարտության քաղաքականություն», Ձյունիկ Աղաջանյանը շեշտեց, որ հայկական դիվանագիտության առանցքը եղել է իրավունքների պաշտպանությունը, ոչ թե պատերազմի հրահրումը։
«Արտաքին գործերի նախարարության կարևորագույն առաջնահերթություններից է եղել ոչ թե հակամարտությունը, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա կամարտահայտության միջազգային ճանաչումն ու համապատասխան կարգավիճակի հաստատումը: Առաջատար ուղղություններից են եղել հայ ժողովրդի հանդեպ գործած ծանրագույն հանցագործության՝ Ցեղասպանության դատապարտումը, հայկական ժառանգության և իրավունքների հանդեպ պահանջատիրությունը: Բայց սրանով չի բավարարվել ԱԳՄԱ-ն»,- պարզաբանեց նա:
Դեսպանը հիշեցրեց, թե ինչպիսի ծանր պայմաններում է Հայաստանը կերտել իր անկախությունը և ինչ դեր է խաղացել արտաքին քաղաքականությունը պետության կայացման գործում. «Այն պետությունը, որ իրենք ժառանգել են, ոտք է դրել անկախության շեմին աղետալի երկրաշարժի հետևանքների, փաստացի ամբողջական շրջափակման, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և Խորհրդային Միության փլուզումից հետո տնտեսական գրեթե զրոյացված վիճակի պայմաններում: Չնայած այս դժնդակ իրավիճակին՝ արձանագրված առաջընթացը և Հայաստանն ամենակարճ ժամանակահատվածում միջին եկամուտներ ունեցող պետությունների շարքին դասելը եղել են նաև արտաքին քաղաքականության արդյունք»:
Ըստ բանախոսի՝ նախկինում դիվանագիտությունը ծառայել է ժողովրդի բարեկեցությանն ու անվտանգությանը՝ դրա ամենալայն իմաստով, այդ թվում՝ տնտեսական անվտանգության ապահովմանը և բազում հնարավորությունների ստեղծմանը. «Իսկ այս իշխանությունները, ժառանգելով այդ պատրաստի հիմքերը, միայն մսխման, ոչնչացման, աղետների և մեր ժողովրդի հետընթացի գրանցման գործընթացով են զբաղված: Ցավով եմ սա արձանագրում, բայց սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք»։