Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 54 րոպե առաջ - 13:20 17-09-2026

Սուրենյանցի «Լքյալը»՝ Ազգային պատկերասրահում

Վարդգես Սուրենյանցի կտավը՝ «Լքյալը», առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում, Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ։ Շատ արվեստաբաններ, ի դեպ, նմանեցնում են Սուրենյանցի այս կտավը Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի նույնանուն նկարին:

Ազգային պատկերասրահում բացվել է «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը։

«23 տարիների ընթացքում, ինչ ես պատկերասրահում եմ աշխատում, միշտ լսել եմ, որ Սուրենյանցի այս հրաշք կտավը պետք է բերվի ցուցադրման»,– ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
Ըստ նրա՝ երկու տարի առաջ հստակեցվեց այս գաղափարը։ «Երկու տարի աշխատեցինք այս ուղղությամբ։ Անկեղծ ասած, ահռելի ջանքեր ենք գործադրել։ Երեկ, երբ խոսում էի Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի տնօրենի հետ, նա խոստովանեց, որ այդ կտավը բերված օրվանից կախված է նույն տեղում, երբևէ պատից չեն իջեցրել, առավել ևս երկրից դուրս չեն հանել։ Ասում էր, որ իրենց մշտական ցուցադրության մարգարիտն է, իրենց թանգարանի գլուխգործոցը»,– մանրամասնեց տիկին Հակոբյանը։

Սուրենյանցի «Լքյալը» կտավն, ի սկզբանե, եղել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահ կոմս Ալեքսեյ Բոբրինսկու մասնավոր հավաքածուում։ 1917 թվականի հեղափոխությունից հետո, ազգայնացված արվեստի գործերի թվում, տրվել է Ռուսական արվեստի թանգարանին, որն էլ իր հերթին 1930-ականներին, արդեն խորհրդային հանրապետությունների թանգարանային հավաքածուների համալրման ծրագրի շրջանակում, փոխանցվել է Ալմաթիի Արվեստի պետական թանգարանին։

Ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի խոսքով, եթե չլիներ տիկին Հակոբյանի համառությունը, այս նախագիծը, ինչպես և շատ նախագծեր, չէր իրականանա։

«Սա կամերային ցուցադրություն է՝ շատ մեծ հարցերի շուրջ։ Ժամանակակից աշխարհում, երբ մարդկությունը կանգնած է գոյաբանական, լինելիության խնդրի առջև, ավելորդ չէ հիշեցնել հետևանքների մասին արվեստի լեզվով։ «Լքյալը» կտավը ստեղծվել է հայ ժողովրդի համար ողբերգական պատմական իրադարձությունների համատեքստում, սակայն Վարդգես Սուրենյանցի հանճարը նրանում էր, որ այդ ողբերգությունը նա կարողացավ վերհանել համամարդկային հարթություն»,– ասաց պարոն Գալստյանը։

«Լքյալը» կտավը ստեղծվել է իբրև արձագանք 1984 թվականին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության համիդյան կոտորածներին։ Կտավում Վարդգես Սուրենյանցը պատկերել է եկեղեցու շքամուտքի փայտյա դռան առջև նստած ոտաբոբիկ հայ որբ աղջնակի։ Առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, այս ցուցադրությունը միավորել է Համիդյան ջարդերի շուրջ Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության ևս երկու կտավ ՝ «Ոտնահարված սրբություն» (1895) և «Ջարդից հետո» (1898), Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդից։ Ցուցադրված է նաև Սուրենյանցի «Լքյալը» կտավում պատկերված Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու պատմական դուռը, որը պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում և տրվել է պատկերասրահին, հատուկ այս ցուցադրության համար։

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլ նկարիչների մարդասիրական մտածողության ընդհանուր զարգացման ուղին բացահայտող ստեղծագործություններ։

«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» ցուցահանդեսը կգործի մինչև 2027-ի մարտի 16-ը։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է