Հայաստանում անշարժ գույքի ոլորտն այսօր դուրս է մնացել որևէ վերահսկողությունից, իսկ սովորական քաղաքացիները բախվում են ամենածանր իրողություններին։ Բնակարանների օր օրի թանկացող վարձավճարներն ու անհասանելի գները մարդկանց կանգնեցրել են անելանելի վիճակի առջև։
Դեռևս մինչև զբոսաշրջային սեզոնի բացվելը, իշխանության ներկայացուցիչները բարձրագոչ հայտարարություններ էին անում, թե պատրաստ ենք «գրկաբաց ընդունել» օտարերկրացիներին։ Սակայն, ինչպես պարզվում է, այդ ամենն արվեց ընդամենը մի քանի հոգու հարստանալու համար։
Իշխանական էյֆորիկ հայտարարությունների արդյունքում ստեղծվեց մի պատկեր, որն այսօր ուղղակի օգտագործվում է սեփական գրպանները լցնելու նպատակով։
Այպիսով, բարձրաստիճան պաշտոնյաների շռայլ հայտարարություններից ոգևորված՝ տանտերերն անցան գործի. նրանք կտրուկ բարձրացրեցին բնակարանների գները՝ անգամ անմխիթար ու կենցաղային տարրական պայմաններից զուրկ սենյակների համար սահմանելով աստղաբաշխական և իրականության հետ որևէ աղերս չունեցող վարձավճարներ։
Այսօր տանտերերը վարձակալներին դուրս են անում տներից՝ կոշտ պայման դնելով. «Կա՛մ վճարիր իմ ուզած (կրկնակի թանկ) գումարը, կա՛մ ազատիր բնակարանը»։ Վարձով բնակարանների որոնման սոցիալական խմբերը ողողված են հուսահատ քաղաքացիների գրառումներով, ովքեր պատմում են, թե ինչպես են տանտերերն իրենց օրը ցերեկով փողոց գցում՝ գները անհիմն բարձրացնելու պատճառով։
Թեև զբոսաշրջությունն այլ բան է, բնակության նպատակով ներհոսքը՝ այլ, այնուամնեայնիվ
Oragir.News-ը փորձեց զբոսաշրջության ոլորտի փորձագետ Մեխակ Ապրեսյանից պարզել, թե ինչ վիճակում է դեպի Հայաստան հոսքը։ Փորձագետը նշեց, որ հիմա ակտիվ սեզոն է, և դրսից շարունակում են զբոսաշրջիկներ գալ։
«Սեպտեմբեր-հոկտեմբերը շատ ակտիվ սեզոն է, մինչև նոյեմբերի կես բավականին ակտիվ, դրանից հետո մի փոքր թուլանում է մինչև Նոր տարի, որից հետո՝ հունվարի կեսից մինչև մարտ, նորից թուլանում է»,- հայտնեց Ապրեսյանը։
Փորձագետը նաև ներկայացրեց Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ օգոստոսին Հայաստան է այցելել 227 հազար 26 զբոսաշրջիկ, իսկ ընդհանուր հունվար-օգոստոս ամիսներին՝ 1 մլն 467 հազար 333 մարդ։
Ինչ վերաբերում է կոնկրետ 2026 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ՀՀ սահմանային անցման կետերով մուտք գործած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թվին, ՀՀ ՆԳՆ-ից հրաժարվեցին բանավոր հարցին պատասխանել և հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։
Այսպիսով, փաստենք ակնհայտը. ստեղծված իրավիճակի ողջ հարվածն իր վրա է վերցնում բացառապես սեփական հայրենիքում անօթևանի կարգավիճակում հայտնված ՀՀ քաղաքացին։ Մինչ իշխանական «գրկաբաց» հայտարարությունների դառը պտուղները քաղում են հազարավոր անապահով ընտանիքներ, առանձին անհատների մի նեղ շրջանակ շարունակում է անարգել հարստանալ հասարակ քաղաքացու հաշվին։
Հիշեցնենք՝ Oragir.News-ը իր հրապարակումներից մեկում
անդրադարձել էր վերոնշյալ խնդրին՝ տեղեկացնելով, որ բնակարանների գներն այս տարի աճել են մինչև 20%։