Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 ժամ առաջ - 09:27 16-09-2026

COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կենսաբազմազանության համաժողովի՝ COP17-ի համար բյուջեից արդեն իսկ հսկայական գումարներ են ծախսվում: Ավելի ճիշտ կլիներ այն ոչ թե կենսաբազմազանության, այլ բյուջեի մսխման համաժողով անվանել: Միայն 2026 թվականի օգոստոսին կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 2.64 միլիարդ դրամ (մոտ 7.2 միլիոն դոլար) հատկացվեց շրջակա միջավայրի նախարարությանը՝ այս միջոցառումը կազմակերպելու համար:

COP17-ի կազմակերպման համար կառավարությունը ընդհանուր հատկացրել է 25 միլիոն դոլար: Նկատենք, որ շրջակա միջավայրի նախարարության ընդհանուր բյուջեն 40 մլն դոլար է, այսինքն՝ մեկ միջոցառման կազմակերպման համար կառավարությունը մտադիր է ծախսել նախարարության բյուջեի կեսից ավելին:

Մի երկիր, որը չի կարողանում կամ չի ուզում լուծել սեփական էկոլոգիական աղետները, որը չնչին գումարներ է ծախսում բնապահպանական նպատակներով, որտեղ հանքարդյունաբերական պոչամբարները թունավորում են բնությունը, անտառահատումները կանգնեցնել չի հաջողվում, իսկ մայրաքաղաքը վերածվել է փոշու եւ շինաղբի կենտրոնի, աշխարհին «կանաչ դասեր» տալու հավակնություն ունի:

Բայց բնապահպանական այս ֆարսից ավելի կարեւոր է, թե ինչպես են ծախսվում այս գումարները: Հետեւելով պաշտոնական հաղորդագրություններին՝ պարզում ենք, որ, փաստորեն, կտրուկ հարստացել ենք ու այնքան, որ որոշել ենք դառնալ համաշխարհային «սպոնսոր»:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշել է, որ Հայաստանը պետք է ֆինանսավորի թերզարգացած երկրների մասնակցությունը կենսաբազմազանության համաժողովին: Կառավարության որոշմամբ՝ 93,5 մլն դրամ՝ մոտ 257 հազար դոլար է հատկացվելու 74 «առավել քիչ զարգացած եւ զարգացող փոքր կղզային երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությանը» COP17-ին: Մի երկիր, որտեղ սահմանամերձ գյուղերը տարրական անվտանգության ու կեցության խնդիր ունեն, որտեղ թոշակառուն կոպեկներն է հաշվում՝ չկարողանալով դեղ գնել, «ջենթլմենի» կեցվածքով կղզի երկրների բարձրաստիճան պատվիրակներին է ֆինանսավորում, որ նրանք գան, Երեւանի կենտրոնում սուրճ խմեն ու մեզ պատմեն, թե ինչպես է հալվում Անտարկտիդայի սառույցը:

Արդեն գրել ենք, որ մի շռայլ «բանկետ» էլ ՀՀ «սպոնսորությամբ» հուլիսի 27-ին կազմակերպվել էր Քենիայի Նայրոբի քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում: Շրջակա միջավայրի նախարարության եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ WWF-Հայաստանը, այդ ճաշկերույթի համար վճարել է 4 մլն 652 հազար 75 ԱՄՆ դոլար։ Այն 70-ից ավելի բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ անցկացվել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի միջոցառումների շրջանակում:

Բայց առասպելական կենսաբազմազանությունը պետական գումարներ վատնելու միակ պատրվակը չէ: Մեկ այլ դիպված, որին կրկին անդրադարձել էինք վերջերս՝ Երեւանի քաղաքապետն ահռելի գումար է հատկացրել Հ1-ին՝ 11 մլն դրամ, Արտավազդ Փելեշյանի հեղինակած ֆիլմերը թվայնացնելու համար: Ի՞նչ կապ ունի Երեւանի քաղաքապետարանը Հանրային հեռուստաընկերության հետ՝ հասկանալի չէ։ Մայրաքաղաքն ընկղմված է էկոլոգիական, տրանսպորտային եւ կոմունալ համատարած աղետի մեջ, իսկ քաղաքապետարանը ֆինանսավորում է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի թվայնացումը, ինչը միանգամայն հնարավոր է հենց Հանրայինի միջոցներով, առանց լրացուցիչ դրամներ ծախսելու:

Եվ այսպես է ամենուր՝ քամուն տրված փողեր, փառատոների, սպորտային շոուների, համերգների, հեծանվային մրցավազքերի համար վատնված: Միայն այս վերջին՝ մեկ հեծանվային միջոցառման՝ Tour of Armenia միջազգային հեծանվային մրցավազքի կազմակերպման համար, որն անցկացվել է սեպտեմբերի 10-13-ը, կառավարությունը բյուջեից հատկացրել է 884 մլն դրամ (մոտ 2.4 միլիոն դոլար): Գումարը հատկացվել է կառավարության օգոստոսի 20-ի նիստում, կրկին տարվա կեսին, կրկին բյուջեի վերաձեւմամբ, ուղղակի պահուստային ֆոնդից: Չորս օրվա համար բյուջեից գրեթե 900 միլիոն դրամ են տվել, որպեսզի մոտ 300 պատվիրակներ ու մարզիկներ գան՝ Հայաստանի ճանապարհներով հեծանիվ քշեն:

Արտաքին այս շոուներին ու կղզային երկրների չինովնիկների սուրճերին զուգահեռ, ներսում՝ կառավարական կաբինետներում, «փող բաժանելու» ինտենսիվ գործընթացն է շարունակվում: Օրենքով սահմանված պետական աշխատողի աշխատավարձն արդեն հնացած ձեւակերպում է այս իշխանության համար: Թարմ փաստ կառավարության հուլիսի 16-ի նիստից՝ ինչ-որ անհասկանալի «պիլոտային ծրագրով», որպես կիսամյակի խրախուսում, կառավարության պահուստային ֆոնդից միանգամից շուրջ 5 միլիարդ դրամ (4 միլիարդ 961 միլիոն դրամ) է հատկացվել պետական մարմինների աշխատակիցների պարգեւատրման համար: Հարցը չզեկուցվող էր, 5 միլիարդ դրամ՝ տարվա կեսին, բյուջեի հիմնական օրենքից դուրս, պարզապես պահուստային ֆոնդից հանեցին ու բաժանեցին յուրայիններին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի