«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, նախատեսված ՔՊ վարչության նիստի օրակարգում, թեև ի սկզբանե Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի և Գորիս համայնքների ՏԻՄ ընտրություններում իշխանական թեկնածուների հարցն էր, բայց իրավիճակ է փոխվել։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ օրվա երկրորդ կեսին պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնակցել ՔՊ վարչության նիստին։ Արդյունքում որոշվել է նիստը անցկացնել ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ։
Քանի որ Սյունիքի երեք խոշոր համայնքների թեկնածուների հարցը, ըստ մեր տեղեկությունների, ենթադրում էր Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցություն և վերջնական քննարկում, այդ հարցերը նիստի օրակարգից դուրս են մնացել։
Փոխարենը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի վարքագիծը և նրա վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչությունում քննարկվել են Սարգսյանի կողմից նախկին թիմակիցների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած քննադատություններն ու մեղադրանքները, ինչպես նաև ՔՊ-ական այլ պատգամավորների, պաշտոնյաների վերաբերյալ նրա հայտարարությունները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։