Սեպտեմբերի 11-ին, 78 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի հայտնի քաղաքական գործիչ, մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպան Էմմա Բոնինոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա մահվան մասին հայտնել է +Europa կուսակցությունը։
«Էմման լքել է մեզ, բայց նա երբեք չի լքի մեզ», – նշված է սոցիալական ցանցերում կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Բոնինոն մահացել է Հռոմում՝ երկարատև հիվանդության դեմ պայքարից հետո։
Իտալական և պրո-եվրոպական քաղաքականության առանցքային դեմքերից մեկը համարվող Բոնինոն ավելի քան հինգ տասնամյակ ակտիվ գործունեություն է ծավալել քաղաքականության մեջ՝ իր պայքարի առանցքում պահելով քաղաքացիական իրավունքների, անձնական ազատությունների, կանանց իրավունքների, եվրոպական ինտեգրման և միջազգային համագործակցության հարցերը։
Նա եղել է Իտալիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի անդամ, Եվրոպական հանձնաժողովի անդամ, Իտալիայի միջազգային առևտրի և եվրոպական քաղաքականության նախարար, իսկ 2013-2014 թվականներին՝ արտաքին գործերի նախարար։
Բոնինոն ծնվել է 1948 թվականի մարտի 9-ին Իտալիայի Կունեոյի նահանգի Բրա քաղաքում։ 1970-ական թվականներից նա դարձել է Ռադիկալ կուսակցության առաջատար դեմքերից մեկը և ակտիվորեն ներգրավվել մի շարք քաղաքական ու քաղաքացիական արշավներում։