Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 43 րոպե առաջ - 18:00 18-08-2026

«Մեկ կտտոցով» քանդվող ընտանիքներ. պետությունը հեշտացրել է բաժանումը, բայց դժվարացրել բաժանման չեղարկումը

Հայաստանում ներդրված պետական էլեկտրոնային համակարգերը երբեմն քաղաքացիների շրջանում հարցեր են առաջացնում. ստացվում է մի իրավիճակ, երբ թվային գործիքները մեծապես հեշտացնում են բաժանման գործընթացը, սակայն հետքայլ անելու և ընտանիքը պահպանելու ճանապարհին առաջանում են տեխնիկական բարդություններ։

ՀՀ Արդարադատության նախարարությունը պաշտոնական e-services.moj.am հարթակում ներդրել է ամուսնալուծության առցանց դիմումների համակարգը։

Եթե չկան անչափահաս երեխաներ և կողմերն ունեն փոխադարձ համաձայնություն, դիմում գրելը տևում է ընդամենը մի քանի րոպե։ Ամեն ինչ արված է առավելագույնս արագ, հարմարավետ և առանց տնից դուրս գալու։ Ըստ պաշտոնական կարգի՝ ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, իսկ ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում։

Սա նշանակում է, որ պետությունը օրենսդրորեն զույգերին տալիս է մտածելու, սառելու և հաշտվելու հստակ ժամանակահատված։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս համակարգային լուրջ խնդիր. նախարարության կայքում գոյություն չունի այդ մեկ ամսվա ընթացքում դիմումը չեղարկելու կամ հետ կանչելու որևէ առցանց տարբերակ կամ կոճակ։ Եթե քաղաքացին կարող է էմոցիոնալ պահի ազդեցության տակ տանից հեշտությամբ դիմում ներկայացնել, ապա սեփական սխալն ուղղելու և այդ դիմումը թվային եղանակով չեղարկելու հնարավորությունից նա պարզապես զրկված է։

Խնդիրները սկսվում են այն պահին, երբ զույգը հենց այդ օրենքով տրված մեկամսյա ժամկետում փոշմանում է և փորձում չեղարկել հայտը։ Այստեղ թվայնացումն ավարտվում է, ու սկսվում է իսկական քաշքշուկը․ նախարարության թեժ գծին միանալու համար քաղաքացիները ստիպված են անթիվ զանգեր կատարել, իսկ երբ հրաշքով հաջողվում է կապ հաստատել, պարզվում է՝ «ամուսնալուծության մասնագետը տեղում չէ»։

Ի վերջո, սեփական սխալն ուղղելու և գործընթացը կասեցնելու համար քաղաքացին ստիպված է լինում անձամբ ներկայանալ ՔԿԱԳ մարմին, հերթ կանգնել և թղթային դիմում գրել։ Այս ամենը տպավորություն է ստեղծում, թե պետական մակարդակով ամեն ինչ արվում է բաժանումներն առցանց հարթակով խրախուսելու համար։ Թեմայի շուրջ իր մասնագիտական տեսակետն է արտահայտել հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Նա մտահոգություն է հայտնել, որ համակարգի նմանօրինակ կառուցվածքը լրջագույն հարված է հասցնում ընտանիքի ինստիտուտին և ավանդույթներին։

«Մարդիկ կարող է պահի ազդեցության տակ, ինչ-որ ուժեղ հույզերի, էմոցիաների և իրադրության թելադրանքով գան փոխադարձ համաձայնության, դիմում գրեն ու ուղարկեն։ Այո, կան համոզված ամուսնալուծվողներ, ովքեր ունեն տարիների փորձ և եկել են տրամաբանական եզրակացության, դա ուրիշ հարց է։ Բայց նույնիսկ այդ դեպքում, երբ մարդն արդեն առնչվում է իրական փաստին, իրավիճակը փոխվում է։ Ինչքան ուզում է վիրավորանքներ եղած լինեն, երբ դու առնչվում ես այն իրականությանը, որ այլևս միասին չեք լինելու, որ դու արդեն ամուսնալուծված ես, այստեղ ամեն ինչին նոր տեսակետից են սկսում նայել, նոր հույզեր են առաջանում»,- նշում է հոգեբանը։

Կարինե Նալչաջյանի խոսքով՝ համակարգը չպետք է գործի սառը ռոբոտի պես, քանի որ գործ ունի մարդկային ճակատագրերի հետ։ «Առաջին հերթին պիտի այդ տեխնիկական հարցերը լուծել՝ չեղարկման հնարավորությունն անպայման պետք է լինի։ Կամ, օրինակ, դիմումը գրելուց և որոշակի ժամկետ անցնելուց հետո մարդը պետք է նորից մտնի համակարգ՝ ընտրությունը կա՛մ հաստատելու, կա՛մ ժխտելու համար։

Մարդը կարող է պահի տակ գրել դիմումը, բայց գիշերը քնելիս մտածել՝ «ես ի՞նչ հիմարություն եմ անում», ու ցանկանալ չեղարկել այն։ Սա իսկապես ինչ-որ ռոբոտային բան է դառնում։ Բայց չէ՞ որ սրանք մարդկային զգացմունքներ են, դրանք ինչ-որ մեխանիզմներ կամ սարքեր չեն, որ որոշեցիր՝ կոճակը անջատեցիր ու վերջ։ Սա շատ կարևոր թեմա է, քանի որ այս ամենի հետևանքով ուղղակի հարված է հասնում ընտանիքին, ընտանիքի ինստիտուտին և մեր ավանդույթներին»։

Փորձագետները նաև նշում են, որ շատ ավելի ճիշտ ու տրամաբանական կլիներ, եթե համակարգը ավտոմատ կերպով՝ մինչև վերջնական ամուսնալուծության գրանցումը, զույգերին առաջարկեր հոգեբանի կամ հաշտարարի (մեդիատորի) անվճար խորհրդատվություն, թեկուզ հենց առցանց տարբերակով, ինչը կօգներ կանխել հույզերի տակ կայացված հապշտապ որոշումները։