Տևական ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» հանդես է գալիս որպես եվրաինտեգրման ջատագով, ժողովրդավարության պաշտպան, իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանին» ներկայացնում են որպես հակաժողովրդավարական ուժ, որն իբր ձգտում է ՀՀ-ն դարձնել ռուսական գուբերնիա։
Եթե ԱԺ հանձնաժողովները բաշխելիս առաջնորդվեին այս նարատիվներով, ապա ՔՊ-ն պետք է վերցներ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Իսկ ՈւՀ-ն պետք է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աթոռը վերցներ, քանի որ ռուսների հետ շատ լավ են։ Սակայն տեղի ունեցավ հակառակը։ Եվրոպապետ ՔՊ-ն եվրասիականը ստանձնեց, իսկ եվրաինտեգրման հանձնաժողովը տրվեց ռուսամետ ՈւՀ-ին։
Եթե մարտնչող անաստվածին եպիսկոպոս կարգես, ապա, իհարկե, ծաղր կլինի։ Նույնպես ծաղր կընկալվի, երբ բուսակերի առաջ մսային կերակուրներ դնես։
Ինչո՞ւ են խորհրդարանական ուժերը ծաղրում ժողովրդին ու աշխարհին։
Քաղաքական գործակցության մեջ ներդաշնակությունն էական նշանակություն ունի։ Չեք կարող Իսրայելում դեսպան նշանակել բացահայտ հակասեմիտին, Երուսաղեմը ագրիմանը չի հաստատի։ Նույնպես չեք կարող բացահայտված ռուսական գործակալին նշանակել Լեհաստանում դեսպան։ Վարշավան չի համաձայնվի։ Լեհաստանում 1939-1989-ին պետական պաշտոնյայի անուն չկա։ Այդ շրջանը նրանք անվանում են խորհրդային բռնազավթման ժամանակաշրջան։ Այսինքն՝ քաղաքական երկխոսության համար վստահություն է պահանջվում։ ԵՄ-ն ՈւՀ-ին վստահելո՞ւ է։
Հունիսի 7-ից առաջ, նախընտրական շրջանում, ՔՊ-ն ազատ աշխարհին համոզում էր, թե Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը հիբրիդային սպառնալիք են, Կրեմլից են ուղղորդվում, անկախությանն ու ժողովրդավարությանը դեմ են։ ԵՄ-ն էլ տասնյակ միլիոնավոր եվրոներ էր տալիս ՔՊ-ին այդ սպառնալիքի դեմն առնելու համար։ Պարզ ասած՝ ԵՄ-ն փող էր տալիս, որ ՔՊ-ն չեզոքացնի այս ռուսական ուժերին, որ ՀՀ-ն պահպանի անկախությունը, շարունակի ժողովրդավարության ուղին։ Իսկ հիմա այդ նույն ռուսական ուժն է եվրաինտեգրման քաղաքականությունը որոշող հանձնաժողովի նախագահը։ Նա է ԵՄ էմիսարների հետ քննարկելու եվրաինտեգրման օրակարգը։ Սա ԵՄ-ին հասցեագրված ծաղր չէ՞։
Կա նաև լավատեսական գնահատական, ըստ որի՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերը ռուսամետ չէին, այլ ձևացնում էին, թե այդպիսին էին։ Այսինքն՝ դերի մեջ էին։ Նրանք ռուսամետ էին խաղում ու խաբում Մոսկվային, որ նա իրական ռուսամետ ուժերի չներքաշի խաղի մեջ ու չփորձի տապալել Փաշինյանի իշխանությունը։ ՔՊ-ն ու նրա խոսափողներն իրենց հերթին ձևացնում էին, թե իսկապես համոզված են, որ Սամվել Կարապետյանը ռուսական շահերն է գերադասում։ Նույնիսկ կասկած կա, թե ՔՊ-ն էր գրում ու Կարապետյանին տալիս քաղաքականապես տգետ ելույթների տեքստերը, որ տպավորություն ստեղծեն, թե նա ռուսամետ է։ Իսկ իրականում Սամվել Կարապետյանն ու նրա թիմակիցները արևմտամետ են, ԵՄ-ին միանալու ջատագով են, քանի որ նրանց փողերի մեծ մասը դոլարով ու եվրոյով են։ Եվ դրա համար են նրանք Եվրաինտեգրման հանձնաժողովը վերցրել, ԵՄ-ն նրանց հոգեհարազատ է, ժողովրդավարությունը նրանց քաղաքակրթական ընտրությունն է և այլն։
Նույն լավատեսությամբ ենթադրելի է, որ ՔՊ-ն էր ձևացնում, թե եվրաինտեգրման ջատագով է։ Օրեր առաջ ԵԱՏՄ նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի, և ԵԱՏՄ-ի հետ լինելը մնում է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Այսքանից հետո տրամաբանական է, որ ՔՊ-ն պետք է Եվրասիական հանձնաժողովը վերցներ։ Ի՞նչ իմաստ ունի զբաղվելու մի հարցով, որը գոյություն չունի։ Այդպիսի անլուրջ, վերացական գործերը կարող են թողնել ընդդիմադիր գործընկերներին։
Այսպիսով՝ լավատեսորեն ենթադրելի է, որ այս բաժանումն օբյեկտիվ է, քաղաքական ուժերի իրական հետաքրքրություններին համապատասխան է։ Վատն այն է, որ ժողովուրդն ու ժողովրդավարական երկրները հիմար վիճակում են։ Նրանք, հավանաբար, խաբված են զգում։ Հատկապես՝ հիբրիդային սպառնալիքի դեմ պայքարի համար միլիոնավոր եվրոներ տվածները, հավանաբար, էշացած են հիմա։
Իսկ գործնական հարթության վրա այս բաժանումը կարող է արդարացնել ՀՀ իշխանության անգործությունը։ Եթե Բրյուսելում Փաշինյանին հարցնեն, թե ինչո՞ւ ԵՄ ինտեգրման հարցում խոստացված առաջընթացը չկա, ապա նա կարող է ասել, թե ինքը մեղավոր չէ, ռուսամետ ՈւՀ-ն է որոշում եվրաինտեգրման քաղաքականությունը։ Գուցե հենց դրա՞ համար են ՈւՀ-ին տվել այդ հանձնաժողովը, որ ԵՄ-ին միանալու գործընթացը դանդաղեցնելու պատասխանատվությունը գցեն ընդդիմության գրպանը։