copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 22:36 05-08-2026

Եվրոպական հանձնաժողովից պատասխանել են Աննա Կոստանյանի՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակին

Պատասխան Եվրոպական հանձնաժողովից

Հուլիսի 2-ին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Հայաստան այցին ընդառաջ, մեկ տասնյակից ավելի նամակներով դիմել էի Եվրամիության տարբեր կառույցների ղեկավարներին, այդ թվում՝ հենց տիկին ֆոն դեր Լայենին։

Խնդրել էի, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում բարձրացվեն Հայաստանում մարդու իրավունքների, քաղաքական բազմակարծության և օրենքի գերակայության հարցերը։ Մասնավորապես՝ ինչո՞ւ են ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստներն ու իշխանության քննադատները, այդ թվում՝ Ավետիք Չալաբյանը, հայտնվում բանտում, և արդյո՞ք դա չի հակասում Եվրոպայի հռչակած ժողովրդավարական արժեքներին։

Խնդրել էի նաև հարցնել, թե ինչո՞ւ են սահմանափակվում մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ընտանիքի հետ շփման իրավունքն ու խոսքի ազատությունը։

Բնականաբար, ստացել եմ ստանդարտ պատասխան։ Այնուամենայնիվ, գոնե արձագանքել են։
Պատասխանը ստացել եմ Եվրոպական հանձնաժողովի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության՝ Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի համար պատասխանատու բաժնի ղեկավարից։

Հարգելի՛ տիկին Կոստանյան,
Շնորհակալություն Եվրոպական հանձնաժողովի նախագահ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված` Ձեր 2026 թվականի հուլիսի 1-ի նամակի համար, որով բարձրացնում եք Հայաստանում քաղաքական զարգացումների վերաբերյալ մի շարք մտահոգություններ։

Եվրոպական միությունը ուշադիր հետևում է այդ զարգացումներին։ Քաղաքական բազմակարծությունը, իրավունքի գերակայությունը և հիմնարար իրավունքների պաշտպանությունը ԵՄ–Հայաստան գործընկերության առանցքային հենասյուներն են։ Մենք այս ոլորտներում տեղի ունեցող զարգացումները պարբերաբար քննարկում ենք Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵՄ–Հայաստան Մարդու իրավունքների երկխոսության շրջանակում։ Մենք նաև կանոնավոր կապի մեջ ենք ոչ կառավարական շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով այդ հարցերը։

Եվրոպական միությունը շարունակում է անշեղորեն աջակցել Հայաստանին համապարփակ բարեփոխումների իր ճանապարհին, որի նպատակն է ավելի ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, իրավունքի գերակայությունը, խթանել քաղաքական բազմակարծությունը և բարձրացնել հասարակության դիմակայունությունը՝ ԵՄ–Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգին համապատասխան։

Հարգանքով՝
Դերեն ԴԵՐՅԱ