copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:12 03-08-2026

Վախը Հայրենիք, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում, այն սպանում է, իսկ սերը՝ կենսավորում․ Բագրատ Սրբազան

Հրապարակվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից հերթական հատվածը․

Զ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Է

ԽԱՉԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՍՏԾՈՒ ԽԵԼԱՀԵՂ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԱՐԴՈՒ ՀԵՏ, ում համար հանձն առավ նահատակությունը` Իր իսկ առատ սիրուց ստիպված, նույնիսկ Իր իսկ սիրուց հաղթված, քանզի «այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց...» (Հովհ. 3:16) և «Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուս Իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը» (Ա Հովհ. 3:16):

Այսինքն, ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Է, քանզի «ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13):

Խաչի գաղափարը նույնացած է քրիստոնեության և քրիստոնյայի հետ` որպես սիրո մեծագույն և խորքային խորհուրդը և ցուցիչը: Սերը պարզապես մակերեսային, ժամանցային երևույթ չէ, այլ անպայման զոհաբերություն կամ զոհողություն է ենթադրում կամ պահանջում կյանքի բոլոր շերտերում և հանգամանքներում` սեր ընտանիքի, Հայրենիքի, Աստծու, գաղափարների, նույնիսկ առօրյա աշխատանքի և գործի հանդեպ:

Հետևաբար, խաչի գոյությունը ողբերգություն կամ ողբերգության մասին չէ, այլ տառապանքը կամ նահատակությունը, պատասխանատվությունը կրելու մասին է, սիրո բացառիկ պտուղն է:

Խաչը կրելու պատրաստակամությունը, որքան էլ անհասկանալի թվա, միակ ճանապարհն է հաղթանակ ունենալու տառապանքի վրա կամ նկատմամբ: Այս առումով բացառիկ և գերագույն օրինակ է Գեթսեմանիում Քրիստոսի աղոթքը. ««... Հա՛յր իմ, եթե հնարավոր է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»... նորից երկրորդ անգամ գնաց, աղոթքի կանգնեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակն ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. թող քո կամքը լինի»» (Մատթ. 26:39,42):

Այս դրամատիկ դրվագը շատ խորքային երզրաշերտ և ենթաշերտ է բացում մեր առջև: Հիսուս դեմ հանդիման է տառապանքին և նահատակությանը` «բաժակը» խմելուն: Առաջին անգամ «բաժակը» հեռացնելու համար է աղոթում, իսկ երկրորդ անգամ հաստատում, որ այո՛, այդ «բաժակը» կանցնի, բայց միայն այն խմելով, այսինքն` նահատակությունը կանցնի` պատրաստ լինելով նրան և այն ընդունելով: Հետևաբար, խաչը` նահատակության պատրաստ լինելը և ընդունելը, հաղթանակն է տառապանքի վրա:

Այսպիսի գիտակցության հասած մարդը ներքին ուրախություն ունեցող մարդն է, որովհետև իր համար նահատակությունը, զոհաբերությունը ոչ թե մահ է, այլ կյանքի հաղթանակը մահվան վրա: Այսինքն` այն, ինչ պատահել է Քրիստոսին, պատահում է նաև քրիստոնյային. «... քանզի և Նա անմահ էր, եւ այնչափ սիրեաց զմեզ, մինչեւ մահ ի յանձն էառ, զի եւ մեք Նորա մահուամբն յաւիտենական մահուանէ ապրեսցուք: Եւ եթէ Նա յիւր անմահութիւնն ոչ խնայեաց, մեք զի կամաւք եղաք մահկանացուք, կամաւք մեռցուք վասն սիրոյ Նորա, զի կամաւք յանձն առցէ զմեզ յիւր յանմահութիւնն. Մեռցուք իբրեւ զմահկանացուս, զի ընկալցի զմեր մահն իբրեւ զանմահից» (Եղիշե, էջ 41):

ՍԵՐԸ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ Է, իսկ սերն առանց զոհաբերության սեր չէ, այլ չարիք և խաբեություն, շահ, նպատակահարմարություն` վերածվելով գովազդի միջոցի, ժամանցային մի երևույթի, որտեղ սիրո վեհագույն արժեքը սոսկ ապրանք է վաճառքի համար («սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ» սկզբունքով), որից բացակա են նվիրումը, հավատարմությունը ազատությունը, ճշմարտությունը, արդարությունը, հաշտությունը, զոհաբերությունը և, այո՛, նահատակությունը. «Սերը երբեք չի վախճանվում» (Ա Կորնթ. 13:8):
ՍԵՐԸ ԻՆՔՆԻՆ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ Է, ԻՍԿ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՍԻՐՈ ՊՏՈՒՂԸ, ՍԻՐՈՒՑ ԾՆՎԱԾԸ:

Չեմ կարող չանդրադառնալ հոգևոր կամ բարեպաշտական մինիմալիզմի դրսևորմանը` խաչակնքվելու կամ խաչի նշանը կրելու միջոցով, որի էությունը կամ բովանդակությունը նշանակում է պատկանելություն, աշակերտություն-հետևորդություն, սեր ու նահատակություն: Առանց այս բոլորի այն կդառնա «էժանագին շնորհ» (cheap grace), մինչդեռ քրիստոնյայի կոչումը «թանկագին շնորհ» (costly grace) է` որպես պատկանելություն, աշակերտություն, սիրո և խաչի` նահատակության կրող (տե՛ս գերմանացի նահատակ հոգևորական Դիտրիխ Բոնհոֆֆըրի Dietrich Bonhoeffer “The cost of discipleship” հուշարձան գործը: Նա նախ բանտարկվել և ապա գնդակահարվել է 1945թ-ին Բ Համաշխարհային պատերազմի ավարտից մեկ ամիս առաջ: Հոգևորական, բարձրագույն մտավորական-գիտնական, որ պայքարում էր ազատագրության և արժեքների պաշտպանության համար: Այսօրվա պիտակավորմամբ «քաղաքականությամբ էր զբաղվում»):

Այս առումով` խաչակնքվելու և խաչի նշանը կրելու մասին հրաշալիորեն մեկնաբանում է Սբ. Գրիգոր Նարեկացու հայրը` Խոսրով եպիսկոպոս Անձևացին («քաղաքականությամբ զբաղվող» մեկ այլ հոգևորական). «Աստծու գթությունն Իր անչափելի արյամբ [Սուրբ Խաչը որպես] սրված սուր տվեց մեզ, [որպես] պատրաստի զենք ընդդեմ մեզ հակառակ անմարմին թշնամիների, որը նաև պարիսպ և վահան է ընդդիմամարտ մարմավորների հանդեպ: Միայն, եթե աներկբա և անպղտոր հոգով դրոշմենք մեզ, կխափանվեն մեր միջից երևելի և աներևույթ մարտերը, և միայն եթե հիշենք մեր Տիրոջ մարդասիրությունը... որ մեր` մեղավորներիս համար Իր մարմնով կրեց Խաչի չարչարանքները: Իրեն գամելով և սաստիկ ցավերի տառապանքով` նրանից պահանջվեց մեր հանցանքների պարտքը և մեղքի անեծքի դատակնիքը քանդել ու մեզ ազատ, անսպի, անմահ և անապական դարձնել` Ինքը Քահանայապետ և Ինքը զոհաբերություն լինելով... Այդ պատճառով և մենք, խաչի նշանը մեզ վրա դնելով, մեր երեսները դրոշմելով, գլուխները պսակելով և մեր անձերը պարսպելով և մեր հոգիների փրկության համար ոգիների հետ գոտեմարտելով հավատում ենք, որ նույն Ինքն Աստծու Որդուն Իր Աստվածական արյամբ կրում ենք մեզ վրա...» (Խոսրով եպիս. Անձևացի, էջ 46-47):

Ցանկացա որքան հնարավոր է ամբողջ խոսքը ներկայացնել` ամբողջական և խորքային պատկերացումն ունենալու խաչակնքվելու և խաչի իմաստի վերաբերյալ:

Այսպիսով, նաև ՍԵՐԸ ՄԱՅՐՆ Է ՍԽՐԱՆՔԻ, ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՐԸ` ԱՐԻՈՒԹՅԱՆ:
Այն հալածում է վախը, և նույնիսկ ավելին, ամբողջական իշխանություն ունի վախի և նրա տարատեսակ հատկանիշների և դրսևորումների վրա: Այս պատճառով են մեր հայրերը վախը կոչել ՎԱՏԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ, իսկ արիությունը` ԲԱՐԵՍՐՏՈՒԹՅՈՒՆ: Վախը ծնողն է ստի, որը բազում երեսներ ունի, իսկ «սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի է ենթակա, իսկ ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ. 4:18):

Վախի պատճառը թերահավատությունը, կասկածը, անվստահությունն է սեփական ուժերի, շրջապատի, Աստծու նկատմամբ, որի հետևանքը տագնապը, սարսափը, անկումը, աղետը, դավաճանությունը, ուրացումը և կործանումն է, սեփական պատասխանատվությունը կրելու և մեղավորությունն ընդունելու ժխտումը և մերժումը:
Այլ խոսքով, վախը մահվան և մեռած լինելու մասին է, որը նաև կենսաբանորեն է արտահայտվում: Վախը Հայրենիք, ընտանիք, ընկեր, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում և չունի: Այն գործում է ըստ պահի և իրավիճակի` ձգտելով իրերի ընթացքը և իրադրությունը հարմարացնել իրեն կամ ներկայացնել իրեն և իր ստին համապատասխան. «Երկյուղը թերահավատության է նշանակ, իսկ թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել, նրա հետ նաև երկյուղն է փախնում մեր մտքից և խորհուրդներից» (Եղիշե, էջ 104, Սբ Վարդանի ճառից):

ՎԱԽԸ ՍՊԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ՍԵՐԸ` ԿԵՆՍԱՎՈՐՈՒՄ:

Բազմիցս անդրադարձել եմ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր կյանքում, դա հարձակումն է մեր ինքնության, արժեքային համակարգի վրա` փորձելով բովանդակային, քաղաքակրթական փոփոխության ենթարկել մեր հասարակությանն ու ազգին:

Այսպիսի փոփոխության ենթարկվող ժողովրդին դեռևս Ժ դարում Խոսրով Անձևացին կոչում է «հոգևոր որբեր, որոնք ոչ մեկ տեղ և կողմում ընդունված չեն», որոնք զրկվում են սեփական ինքնությունից և ժառանգությունից և ուրիշինն էլ խորթ է մնում իրենց` վերածվելով անտեսակ և անծագում զանգվածի` կտրված հայրերի ժառանգությունից և արմատից:

Աստվածաշունչը բազմաթիվ օրինակներով խոսում է պատկանելության, հայրերի ավանդի և ժառանգության շարունակականության մասին, և այդ ամենի համար պատրաստ լինել սեփական կյանքը անմնացորդ կերպով նահատակության նվիրելու մասին. «Մենք պատրաստ ենք մեռնել, քան թե մեր հայրերի օրենքներից հրաժարվել... քաջությամբ մեռնենք և անուն և հոգի ժառանգենք... գերադասիր մահը, քան թե աշխարհի կյանքը... պատրաստ եմ շունչս ու մարմինս հայրերի օրենքների համար զոհել» (Բ Մակ. 7:2,5,27,37):

Եվ վերջապես, «ով չի նորոգում և բարձրացնում նախնիների առաքինությունը, նա ամոթ և նախատինք է իր պապերի համար և մի նոր անեծք» (Սիրաք 20:28):

Ժամանակ առ ժամանակ, եթե չասեմ մշտապես, կանգնած ենք եղել ընտրության առջև` մեկ կողմից հանձնվելու, ուրացման, դավաճանության, ինքնաժխտման, կեղծ աշխարհաքաղաքացի լինելու և մյուս կողմից` պայքարելու, հավատարմության, նվիրումի, ինքնաճանաչումի և սեփական ինքնության հարազատություն ունենալու միջև: Շարունակական կորուստների և ավերածությունների ենք ենթարկվել, երբ ընտրել ենք առաջինները, իսկ հաղթել ենք, հարգվել և կառուցել մեր կյանքը, երբ ընտրել ենք վերջիններս, որի մասին հիացումով վկայել են նույնիսկ թշնամիները. «Այն մարդիկ, որոնք արհամարհում են կապանքները և չեն երկնչում տանջանքներից և ոչ էլ նյութական ունեցվածքով են կաշկանդվում [վաճառվում], և որ այս վերջինը բոլոր չարիքներից ամենաչարն է, և ընտրում են մահը, քան կյանքը, ո՞վ է որ կարող է սրանց ընդդեմ լինել» (Եղիշե, էջ 59):

Պատահական չէ, որ ազգերի պատմության մեջ լավագույն և հաղթանակող զորագնդերը կոչվել են ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ կամ ԱՆՄԱՀՆԵՐԻ գնդեր, որոնք վճռական դերակատարություն են ունեցել յուրաքանչյուր ճակատամարտում, ինչպես մեր դեպքում` Սարդարապատի ճակատամարտում կամ Արցախյան ազատագրության հերոսամարտում:

Այս զորագնդերը մահը ճանաչած և մահվան վրա հաղթանակ ունեցած, անմահությունն արդեն իսկ ճաշակած հաղթողներն են:

Ի վերջո, մեր ողջ կյանքը ընթացք է դեպի անմահություն և ոչ գերեզման: Անկախ այն հանգամանքից` կընդունենք սա, թե ոչ, դրանից ճշմարտությունը չի փոխվի: Եվ այո՛, մենք կոչված ենք կյանքի` անմահության` «Նայելով Հիսուսին` հավատքի զորագլխին, այն կատարելագործողին» (Եբր. 12:1-3)` Իր հետ նույնանալու ձգտումով:

Շարունակելի...

Բագրատ արք. Գալստանյան

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:51 Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին