copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 17:59 03-08-2026

Մեծամտությունն է միավորում ՔՊ-ին և ընդդիմությանը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ԱԺ-ում շատ են նոր դեմքերը։ Շատերը մի քանի ամսվա քաղաքական կենսագրություն ունեն։ Սակայն այս սկսնակներից ոմանք այնպես են վարվում, կարծես լուրջ դեմքեր են և քաղաքականությունից բան են հասկանում։

Ինչո՞ւ են մեծամտանում նորընտիր պատգամավորները, և ինչի՞ կհանգեցնի դա։

Նկատենք, որ մեծամտությունը չարիք է։ Այդ մասին գիտեն բոլորը։ Քաղաքացիական հասարակությունում հավասարությունը հիմնարար արժեք է։ Եվ հավանաբար, սկսնակներին թվում է, թե իրենք ոչնչով պակաս չեն տասնամյակների քաղաքական կենսագրություն ունեցողներից։

Մեծամտությունը մարդկային առաջընթացի խոչընդոտն է։ Երբ սկսնակներն ամեն անգամ սկսում են իրենց զրոյական կետից, ապա ընկնում են նույն փոսերի մեջ, ինչ իրենցից առաջ այդ տեղով անցածները։ Ավագների հանդեպ անհարգալից վերաբերմունքի արդյունքում խնդիրները մնում են չլուծված։ Եվ ամեն հաջորդ սերունդ մեղադրում է նախորդին խնդիրը չլուծված թողնելու մեջ։

Նախագահ Սերժ Սարգսյանը Մանկական Եվրատեսիլը հաղթած Վլադիմիր Արզումանյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելիս ասաց՝ «Չմեծամտանաս»։ Այս մեկ բառը միայն բարի խորհուրդ չէր ուղղված պատանուն։ Բազմաթիվ տաղանդավոր պատանիներ, երիտասարդներ տուժել են մեծամտության պատճառով, մերժվել համայնքի ու հանրության կողմից, դեգրադացվել, պարտվել։

Մեծամիտը գերագնահատում է իրեն, իր ուժերը, չի կարողանում սթափ գնահատել մրցակիցներին։ Արդյունքում՝ մեծամիտը պարտվում է, սխալվում, ձախողվում սովորական իրավիճակներում։ Սա հաշվի առնելով՝ մարզիչները, ուսուցիչները խստորեն հետևում են, որ իրենց սաները առաջին փոքր հաջողությունից հետո չմեծամտանան, որ ավելի մեծ հաղթանակներ տոնեն։

Հայաստանի քաղաքական համակարգում մեծամիտների առատությունը լուրջ աղետների հանգեցրեց տարիներ առաջ, երբ երիտասարդ, անփորձ ու սակավագետ ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ բազմաթիվ սխալներ գործեցին, սխալ որոշումներ ընդունեցին, սխալ քաղաքականություն վարեցին, ինչի արդյունքում թշնամիները զավթեցին Արցախը, բռնի տեղահանեցին հայ ժողովրդին իր բնօրրանից, խախտեցին նաև ՀՀ ինքնիշխան իրավունքները, ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, մինչև հիմա էլ այնտեղ կանգնած են և դուրս գալու մտադրություն չունեն։

Մեծամտությունը համակարգային խնդիր է այսօր, քանի որ չարիքը միայն ՔՊ-ում չէ։ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերը նույնպես համալրված են բազմաթիվ երիտասարդ և անփորձ կադրերով, որոնք աչքի են ընկնում մեծամտությամբ։ Ինչպես տարիներ առաջ ՔՊ-ական երիտասարդներն էին մեծամտանում, անհարգալից վարվում վաստակ ունեցողների հանդեպ, սկսում իրենց զրոյական կետից ու շատ սխալներ գործում, նույնպես այսօր կա մտավախություն, որ ընդդիմադիր որոշ գործիչներ կարող են մեծամտանալ, չգնահատել իրենց ուժերը, մրցակիցներին, իրականությունը։ Արդյունքում՝ կանխատեսելի է, որ մեծամտության ախտով վարակված ընդդիմադիր պատգամավորները նույնպես սխալվելու են սովորական իրավիճակներում, սխալ դիրքորոշում են հայտնելու՝ վնասելով ՀՀ ազգային շահերն ու առաջին հերթին իրենց։

Սա էլ ամենը չէ։ Քաղաքական գործիչներից օրինակ են վերցնում քաղաքացիները և նույնպես մեծամտանում, իրենց ասպարեզում դառնում համակարգային չարիք, կոնֆլիկտների պատճառ։ Արդյունքում՝ հասարակության առաջընթացն է կանգ առնում։ Այսինքն՝ հետ ենք ընկնում աշխարհի ժողովուրդներից, իսկ մարդիկ չեն ուզում հետամնաց, դեգրադացվող հասարակությունում ապրել ու լքում են երկիրը։

Կարճ ասած՝ այս պահի դրությամբ իրավիճակն աղետածին է, քանի որ նոր ձևավորված ԱԺ-ում մեծամիտների առատություն կա։ Եվ եթե փորձենք ընդհանրություն փնտրել, ապա նկատելի է, որ մեծամտությունն է միավորում ՔՊ-ին ու ընդդիմադիր ուժերին։ Այնինչ քաղաքական գործիչները պարտավոր են համեստ և ժուժկալ կյանք վարել, չմեծամտանալ, հարգել վաստակ ունեցողին, ավագին, չգերագնահատել իրենց կարողությունները, չթերագնահատել հակառակորդին, որ նոր աղետներ չպատճառեն պետությանն ու ժողովրդին։ Իսկ եթե մի քիչ էլ խիզախություն դրսևորեն, ապա իրենց վարքականոնի մեջ կամրագրեն, որ պարտավոր են չմեծամտանալ, չլոճվել։ Գուցե փոխադարձ հարգանքի պարագայում կձևավորվի քաղաքական համակարգ, և ԱԺ-ն չի լցվի անփորձ, սակավագետ, մեծամիտ սկսնակներով, որոնց մեծ մասը քաղաքականությունից բան չի հասկանում։