Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրականությանը չհամապատասխանող էին և ունեին իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորող բնույթ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
«Որոշել եմ իմ իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն պաշտպանել դատական կարգով ու հայց եմ ներկայացրել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել պարտավորեցնելու մասին»,-ասաց Դրմեյանը։
Նա նշեց, թե խոսքը բոլոր այն արտահայտությունների մասին է, որոնք վերաբերում էին արբիտրաժային վարույթի ընթացքում իր պարտականությունները կատարելուն, շահերի բախումներ ունենալուն։
Դրմեյանն ասաց նաև, թե այս ամենը կապում է իր՝ ընդդիմադիր գործունեության հետ, չբացառելով նաև, որ հող են նախապատրաստում իրեն կալանավորելու համար։
Հիշեցնենք՝ Փաշինյանը նախօրեին իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի դեմ, որ «Միասնության թևեր»-ի նախընտրական ցուցակում էր։
««Տրոյական ձին» շենքից դուրս ենք հանել, հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս՝ թող քննեն «տրոյական ձիու» գործունեությունը, պատասխան եմ պահանջում ինստիտուտներից»,- ասել էր նա։
Ավելի ուշ «Միասնության թևեր» կուսակցությունն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրավապահներին հաղորդում ներկայացնելու հայտարարությանը՝ նշելով, որ Դրմեյանը գործել է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով։