copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 17:19 31-07-2026

Համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջև

Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեռնոգորիայի կառավարության միջև այսօր ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագիր, որը վավերացրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հայտնում են նախարարությունից։

Փաստաթուղթը նախատեսում է փորձի փոխանակում, Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացում, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացմանը նպաստող նախաձեռնությունների խրախուսում, ինչպես նաև ազգային կրթական համակարգերի արդիականացման ուղղությամբ համագործակցության ընդլայնում։ Կողմերը պայմանավորվում են խթանել կրթական, գիտական և նորարարական հաստատությունների միջև համագործակցությունը, զարգացնել ակադեմիական շարժունությունը և ընդլայնել համատեղ մասնակցությունը միջազգային կրթական ու գիտական ծրագրերին։

Ողջունելով Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ ստորագրված համաձայնագիրը ստեղծում է ամուր ինստիտուցիոնալ հիմք երկարաժամկետ գործընկերության համար։
Նշվել է, որ Հայաստանը և Չեռնոգորիան ունեն գործնական և արդյունքահեն համագործակցություն ձևավորելու բոլոր նախադրյալները՝ համալսարանների, գիտական կազմակերպությունների և երիտասարդ հետազոտողների միջև անմիջական կապերի զարգացման ուղղություններով։ Նախարարի գնահատմամբ՝ ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների ուսանողների, դասախոսների, գիտնականների և հետազոտողների համար՝ խթանելով գիտելիքի փոխանակումն ու համագործակցության զարգացումը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրին, կրթության թվային վերափոխմանը, ենթակառուցվածքների և դպրոցաշինության ծրագրերին և կրթական համակարգում արհեստական բանականության ներդրմանը։ Նա առանձնացրել է ավագ դպրոցներում իրականացվող «ԱԲ սերունդ» և STEP.AI կրթական ծրագրերը, ինչպես նաև «AI Generation» բազմաստիճան նախաձեռնությունը, որն ուղղված է արհեստական բանականության ոլորտում մասնագետների պատրաստմանը՝ դպրոցից մինչև հետբուհական կրթություն։

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարության և OpenAI-ի ընկերության համագործակցությամբ ChatGPT Edu գործիքը սեպտեմբերից հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին՝ ապահովելով շուրջ 50 հազար բաժանորդագրություն ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար։
Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ նախարարը նշել է, որ այն նպատակ ունի ձևավորել միջազգային չափանիշներին համապատասխան կրթական, հետազոտական և նորարարական միջավայր, որտեղ մեկ հարթակում կհամախմբվեն բարձրագույն կրթությունը, գիտությունը և նորարարությունը։ Ընդգծվել է նաև, որ Հայաստանը հետաքրքրված է ծրագրի շրջանակում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Չեռնոգորիայի հետ համագործակցության ընդլայնմամբ։

Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ համագործակցության խորացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոչ ֆորմալ կրթության ոլորտում Հայաստանի հաջողված փորձին։ Անջելա Յակշիչ Ստոյանովիչը հետաքրքրվել է Չեռնոգորիայում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոդելի ներդրման հնարավորությամբ։ Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԹՈՒՄՈ-ի կրթական ծրագիրն արդեն հաջողությամբ գործում է աշխարհի մի շարք երկրներում և շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել փորձի փոխանակման հարցում։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Չեռնոգորիայի նախարարները անդրադարձել են համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրերի իրականացման, ուսանողների, դասախոսների և երիտասարդ գիտնականների շարժունության ընդլայնման, մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ/VET) ոլորտում համագործակցության, Erasmus+ և Հորիզոն Եվրոպա ընդլայնման հնարավորություններին։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
18:47 Լույս աշխարհ է եկել Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը. Լուսին Ալեքսանյանը որդի է ունեցել
19:37 Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»
18:53 «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ